«Ծննդավայրը հանկարծակի լքելն ու այլ բնակավայր տեղափոխվելը բավականին դժվար էր: Սկզբնական շրջանում շատ խնդիր առաջ եկան, որոնք այսօր աստիճանաբար հաղթահարում ենք ու հարմարվում մեզ համար անծանոթ, բայց արդեն հարազատ դարձած նոր կյանքին»,- «Արևելքին» ասում է հալեպահայ Բարդի Մինասյանը, որ արդեն 4 տարի է՝ ընտանքի հետ մշտական բնակություն է հաստատել հայրենիքում: 22-ամյա աղջիկը, ում համար երաժշտությունն իր կյանքի հիմնական ուղին է, միշտ էլ իր ապագան կապել է հայրենիքի հետ: Հալեպի Կարեն Եփփե Ազգային ճեմարանի շրջանավարտն այժմ ուսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ապագա երգահան է: «Երբ դասախոսներս տեսնում են, որ սփյուռքահայ եմ, Հայաստանից չեմ, չգիտես ինչու կարծում են, որ գիտելիքներս բավարար չեն կամ էլ թերանալու եմ: Բայց որոշ ժամանակ անց ևˊ դասախոսներս, ևˊ համակուրսեցիներս հասկացան, որ ես էլ եմ գիտելիքով հարուստ»,-ասում է:

Բուհական համակարգում ամենամեծ դժվարություններից մեկը, ըստ Բարդիի, ռուսալեզու գրականության գերակշռությունն է: Լեզվի չիմացությունը խնդիրներ է առաջ բերում. նման դեպքերում օգնության են հասնում ընկերները` թարգմանում են հայերեն, բացատրում… «Իսկ այն ընկերները, որոնց հետ Հալեպում մենք ստեղծել էինք մեր փոքրիկ Հայաստանը` մնացին հեռվում: Հալեպից հեռանալուց հետո մեկ անգամ եմ վերադարձել այնտեղ:
Չորս տարվա ընթացքում առաջին անգամ զգացի, որ տանն եմ… Հիմա արդեն ՀՀ քաղաքացի եմ, բայց միշտ ինձ սփյուռքահայ կհամարեմ: Դեռ ամբողջությամբ չեմ յուրացրել հայաստանաբնակ հայերի մտածողությունը, աշխարհընկալումը… Հոգեկերտվածքով, մտածողութամբ սփյուռքահայ եմ … Հայ եմ, բայց Սփյուռքի դրոշմով»,-ասում է հալեպահայ ուսանողուհին:
Գոհար Մակարյան/«Արևելքին»