Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ Ազգային ժողովի փոխխօսնակ Արփինէ Յովհաննիսեանի եւ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի: Պատուիրակութեան կազմում էին Կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, կոնգրէսականներ Ջեյմս Սենսենբրեները, Ջեքի Սփիերը, Աննա Էշուն, Թալսի Գաբարդը:
Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր ուրախութիւնը յայտնեց ԱՄՆ կոնգրէսականների Հայաստան կատարած այցի առիթով՝ կարեւորելով նման այցերը` Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խնդիրներին ու կարիքներին անձնապէս հաղորդ դառնալու առումով: Այս իմաստով Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ Կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի կարեւոր դերակատարութեանը հայ-ամերիկեան յարաբերութիւնների սերտացման եւ զարգացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ի դէմս կոնգրէսականների իր գնահատանքը փոխանցեց ԱՄՆ իշխանութիւններին, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ ներդրուող հետեւողական ջանքերի համար:
Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետը կոնգրէսականներին տեղեկացրեց սեպտեմբերի 8-ին Մոսկուայում միջնորդութեամբ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի տեղի ունեցած Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշայ Զադէի եւ իր հանդիպման եւ դրա արդիւնքների մասին:
Նորին Սրբութիւնը նաեւ անդրադարձաւ Միջին Արեւելքի երկրներում տիրող ծանր պատերազմական իրավիճակին` մասնաւորապէս խօսելով դրա հետեւանքով քրիստոնէական փոքրամասնութիւնների կրած դժուարութիւնների եւ նեղութիւնների մասին: Հայոց Հայրապետն իր մտահոգութիւնը փոխանցեց ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչներին տարածաշրջանում քրիստոնէական համայնքների կտրուկ նուազման կապակցութեամբ, ինչպէս նաեւ անդրադարձաւ անհրաժեշտութեանը շարունակական աջակցութիւն ցուցաբերել պատերազմական պայմաններում իրենց բնակավայրերը թողած փախստականներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման գործընթացին, կարեւորեց այդ ուղղութեամբ գործադրուող ջանքերը` պատմական արդարութեան վերականգնումով մարդկային կեանքում այսուհետ նմանօրինակ ողբերգութիւնների կանխարգելման առումով:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: