image

Վանդալիզմ Սկյուտարի հայկական գերեզմանատանը. վնասվել են դամբարաններ

Վանդալիզմ Սկյուտարի հայկական գերեզմանատանը. վնասվել են դամբարաններ

ՍՏԱՄԲՈՒԼ- Պոլսոյ պատրիարքական աթոռի աղբյուրները հայտնում են, որ ցավալի միջադեպ է տեղի ունեցել Սկյուտարի հայկական գերեզմանատանը։  

Ըստ Գումգափուի հրապարակած պաշտոնական հաղորդագրության՝ Սկյուտարի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը Պատրիարքարանին տեղեկացրել է, որ դեպքը կատարվել է հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը: Անհայտ անձը ներխուժել է գերեզմանատան տարածք և վնասել 6 դամբարան ու մեկ աղբյուր։

Այս միջադեպը լայն արձագանք է գտել համայնքային շրջանակներում, իրադարձությունն, անշուշտ, առանձնահատուկ ցավով են ընդունել դամբարանների տերերի հարազատները։

Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին: Անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան իրավապահ մարմիններին հանձնելու համար։

«Դատապարտում ենք մեր համայնքի սրբազան արժեքների և հավերժական հանգստարանների դեմ գործված այս հարձակումը»,-նշվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ։  Պատրիարքարանի հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնվել անվտանգության պաշտոնյաներին, որոնք դեպքը բացահայտելու նպատակով իրենց աշխատանքը շարունակում են  նախանձախնդրությամբ ու զգոնությամբ։ Գումգափուի աղբյուրները հույս են հայտնել, որ հանցագործը շուտով կհանձնվի արդարադատությանը:Պատրիարքական աթոռը մոտիկից հետևում է իրադարձությունների զարգացմանը: