image

Նոր պահանջներ դնելու, յաւելեալ բանակցութիւններ կայացնելու գործելաոճը պէտք է դադրեցուի. Օ’Պրայըն

Նոր պահանջներ դնելու, յաւելեալ բանակցութիւններ կայացնելու գործելաոճը պէտք է դադրեցուի. Օ’Պրայըն

Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, ընդգծելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։

«Ինչո՞ւ է ժամանակը: Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով»,- ասել է նա։

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը շարունակել է. – «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018-ից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:

Ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ երկու կողմն էլ հավատարիմ են խաղաղությանը, և Նահանգներում ակնկալում են, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում նրանք կարող են համաձայնության հասնել։ Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքուն նորանոր պահանջներ դնում, Ջեյմս Օ’Բրայենն ասել է.

«Կարծում եմ, որ մենք իրապես երկու կողմից էլ տեսնում ենք կոշտ սակարկություններ և նաև հետաքրքիր մարտավարական հնարքների մի շարք՝ համաձայնության հասնելու ուղիների շուրջ: Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առևտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմա-Աթայի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ»։

Երևան ժամանելուց ամիսներ առաջ՝ անցած նոյեմբերին, փոխպետքարտուղարը Կոնգրեսում պնդել էր, թե Միացյալ Նահանգների հարաբերությունները Ադրբեջանի հետ նորմալ չեն լինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Նաև՝ ընդգծել, թե Ադրբեջանը պետք է երաշխավորի Ղարաբաղի հայերի վերադարձն ու իրավունքները, չբացառելով, որ հակառակ դեպքում նախագահ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։ Մինչ օրս Վաշինգտոնի առաջ քաշած այս պահանջներից որևէ մեկը չի իրագործվել։

Արդյոք Ալիևի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, Ջեյմս Օ’Բրայենն ասել է. «Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաև դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, և հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»: