Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ, երեկ Պոլսո պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը Գում Գափուում հրավիրած ասուլիսի ընթացքում Հայաստանի իշխանությունների եւ Մայր Աթոռի միջեւ հակամարտության մասին մասնավորապես ասել է․ «Հայ Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ։ Այսօր իշխանություններն ուզում են կաթողիկոսին փոխել։ Մենք չենք կարող թույլ տալ, որովհետեւ եթե մի անգամ այդ ճանապարհը բացվի, ապա հետո դրա միջից դուրս գալ չի լինի։
Շատ դժվար է տարանջատել Ամենայն Հայոց Հայրապետի անձն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Նիկոլ Փաշինյանը 7 տարի է՝ իշխանության է։ Վեհափառի հետ լուսանկարվել է, տեսագրվել է՝ բազմաթիվ մտերմիկ դրվագներով։ Մինչեւ այսօր նա չգիտե՞ր այն պնդումները, որոնք այսօր առաջ է տանում։ Մարդիկ չեն հավատում, որովհետեւ բոլորը հասկանում են, որ կառավարությունը հետամուտ չէ բարոյականության, այլ նախընտրական հաշիվների մեջ է»։
Սահակ արք․ Մաշալյանն ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Պատրիարքական Աթոռի դիրքորոշումը համահունչ է Հայ Եկեղեցու ամբողջ նվիրապետության դիրքորոշմանը։ Նրա խոսքով, այժմ Հայաստանի հորիզոնը մշուշոտ է եւ իշխանություն-եկեղեցի տագնապի դեպքում, եթե կողմերին չի հաջողվում հաշտվել, ապա գոնե պետք է փորձեն լռեն։