Կազմակերպությամբ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, հուլիսի 1-ին Երեւանի Կինոյի Տանը տեղի ունեցավ թուրք գրող, հետազոտող Քադիր Աքընի «Մերժում» ֆիլմի դիտումը, որը ներկայացնում է հնչակյան նշանավոր գործիչ Փարամազի ու նրա 19 նահատակ ընկերների արդարացի ու հերոսական պայքարը հանուն Օսմանյան կայսրության բոլոր բաղկացուցիչ ժողովուրդների ազգային ու սոցիալական իրավունքների։
Ֆիլմում բավականին հարուստ եւ բովանդակալից նյութեր կան Օսմանյան կայսրության ընդդիմադիր, սոցալիստական շարժումների վերաբերյալ։
Ֆիլմի դիտմանը ներկա էին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Հայաստանի վարիչ մարմնի ներկայացուցիչները, կուսակցության անդամներ, մշակույթի գործիչներ, հայաստանյան հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։
Ֆիլմի դիտումից առաջ խոսք ասեց Քադիր Աքընը՝ պատմելով ֆիլմի ստեղծման մասին։
Նա կարեւորեց պատմության ստվերված էջերի բացահայտումը նաեւ նման նախագծերի միջոցով։
Փարամազը (Մատթեոս Սարգիսյան), ծնվել է Մեղրիում՝ 1863-ին։
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել է Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։ 1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում խիստ քննադատության է ենթարկել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը։ Դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1903 թվականին, երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել 1903 թվականի հունիսի 12-ի հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ Փարամազը հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին։ 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914 թվականի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում՝ 1915-ին։