image

«Եթե ես Ստամբուլում լինեի՝ կընդունեի Փաշինյանին». Պոլսո պատրիարք

«Եթե ես Ստամբուլում լինեի՝ կընդունեի Փաշինյանին». Պոլսո պատրիարք

Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ կատարած այցը շարունակում է քննարկվել հայկական համայնքում։

  «Արեւելք»-ի տեղեկություններով, այսօր Պոլսում ասուլիս է հրավիրել Պոլսո պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը, որը Փաշինյանի՝ Ստամբուլ այցի օրը ԱՄՆ-ում էր՝ նախօրոք ծրագրված այցով եւ այժմ վերադարձել է։ 

Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանին պատրիարքարանում հոգեւորականներ չեն ընդունել, նա մտել է Մայր տաճար, այնուհետեւ ծաղիկներ դրել Կոմիտասի արձանին։ Պատրիարքարանն այս առիթով արդեն հանդես էր եկել հայտարարությամբ, իսկ այսօր իր ասուլիսի ժամանակ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը մասնավորապես հայտնել է հետեւյալ մտքերը․

«Նիկոլ Փաշինյանը պետք է ունենար  արարողակարգ,  արարողակարգային նամակագրություն Պատրիարքարանի հետ չի իրականացվել։  Ես պատահաբար, գալուց երկու օր առաջ  եմ իմացել,  որ նա գալու է Ստամբուլ։ Հայաստանի վարչապետը արարողակարգային սխալ է թույլ տվել։

Նա փորձել է ուղղակիորեն կապվել Ստամբուլի հայկական կառույցների հետ՝ անտեսելով մեզ։ Նիկոլ Փաշինյանի՝ Պատրիարքարան կատարած այցի ժամանակ հոգևորականների  բացակայությունը պլանավորված իրավիճակ էր։ Մենք, որպես Ստամբուլի հայոց պատրիարքարան, վիրավորվեցինք Նիկոլ Փաշինյանի այցից։ Մեզ չպետք էր անտեսեին, եւ պարոն Նաիրին չէ, որ պետք է զանգահարեր եկեղեցու ղեկավարներին։

(Նկատի ունի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանին-խմբ․)։

Պատրիարքարանի դուռը բաց էր, եւ նա ներս մտավ և ծաղիկներ թողեց Կոմիտասի արձանի առջեւ։

Եթե ես այստեղ լինեի, Նիկոլ Փաշինյանին կընդունեի իմ գրասենյակում եւ իմ առարկություններս էլ կներկայացնեի։

Հայաստանում քաղաքական հակամարտություն է։ Շատ տխուր է, որ հայերի հետ նման իրադարձություններ են տեղի ունենում։ 

Միակ բանը, որը մեզ միավորում է որպես սփյուռք, եկեղեցին է։ Փաշինյանի այս հայտարարությունները նախընտրական ներդրում են։ Հուսով եմ՝ այս խնդիրները կլուծվեն»։ 

Պատրիարքի ասուլիսը շարունակվում է, մանրամասներին կանդրադառնանք։