image

Սլովաքիան կրկին արգելափակած է Ռուսիոյ դէմ պատժամիջոցներու նոր փաթեթը

Սլովաքիան կրկին արգելափակած է Ռուսիոյ դէմ պատժամիջոցներու նոր փաթեթը

Սլովակիան դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է TASR գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարությանը։

Հուլիսի 4-ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում Սլովակիայի ներկայացուցիչները կրկին անհամաձայնություն են հայտնել պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները:

Սլովակիայի կառավարությունն ակնկալում է հստակ երաշխիքներ՝ կապված RePowerEU ծրագրի հետ, որը նախատեսում է Եվրամիության ամբողջական հրաժարումը ռուսական գազից մինչև 2028 թվականը։ Բրատիսլավայում վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքների ծրագիրը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։

«Սլովակիայի Հանրապետությունն ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Եվրամիությանն առընթեր անդամ պետությունների դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը»,-ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ նախարարությունը նշել է, որ Սլովակիան պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Եվրոպական հանձնաժողովի հետ, սակայն ներկայիս բանակցությունները դեռ չեն փարատել RePowerEU ծրագրի շրջանակում գոյություն ունեցող հիմնական մտահոգությունները։

 

Սլովաքիան դեսպաններու մակարդակով կրկին արգելափակած է Ռուսիոյ դէմ Եւրոպական Միութեան 18-րդ պատժամիջոցներու փաթեթի ընդունումը։

«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնած է TASR գործակալութիւնը՝ յղում ընելով երկրի արտաքին եւ եւրոպական գործերու նախարարութեան։

Յուլիս 4-ին Պրիւքսէլի մէջ կայացած նիստի ընթացքին Սլովաքիոյ ներկայացուցիչները կրկին անհամաձայնութիւն յայտնած են նոր պատժամիջոցներու փաթեթի վերաբերեալ՝ ընդգծելով ուժանիւթի ապահովութեան շուրջ իրենց մտահոգութիւնները։

Սլովաքիոյ կառավարութիւնը կ՚ակնկալէ յստակ երաշխիքներ՝ կապուած RePowerEU ծրագրին հետ, որ նախատեսած է Եւրոպական Միութեան ամբողջական հրաժարումը ռուսական կազէն մինչեւ 2028 թուականը։ Պրաթիսլաւայի իշխանութիւնները վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքներու, ծրագիրը կրնայ լուրջ բացասական հետեւանքներ ունենալ երկրի տնտեսութեան վրայ։

«Սլովաքիոյ Հանրապետութիւնը ուրբաթ, յուլիս 4-ին, Եւրոպական Միութեան անդամ պետութիւններու դեսպաններու մակարդակով կրկին արգելափակեց Ռուսիոյ դէմ 18-րդ պատժամիջոցներու փաթեթի ընդունումը», — նշուած է նախարարութեան յայտարարութեան մէջ։

Միաժամանակ, նախարարութիւնը ընդգծած է, որ Սլովաքիան պատրաստ է շարունակելու կառուցողական երկխօսութիւնը Եւրոպական յանձնաժողովին հետ, սակայն ներկայ բանակցութիւնները տակաւին չեն փարատած RePowerEU ծրագրի ծիրէն ներս եղած հիմնական մտահոգութիւնները։