image

Թուրքիայում հնագետները զոհվել են՝ հայկական եկեղեցու տարածքում աշխատանքներ կատարելիս

Թուրքիայում հնագետները զոհվել են՝ հայկական եկեղեցու տարածքում աշխատանքներ կատարելիս

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սասունում, երբ թուրքական հնագետների եւ փորձագետների խումբը վերադառնում էր Բաթմանի Սասունի շրջանի Սբ.Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում ուսումնասիրությունից։ Հնագետներին տեղափոխող մեքենան Մարաթուկ սարից գլորվել է, զոհվել են  Բաթմանի թանգարանի տնօրեն Ալփեր Մեհմեթ Ջաբիր Ալփերը, Բաթմանի համալսարանի արվեստի եւ գիտությունների ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ Ալիյե Յըլմազը, տեխնիկական գիտությունների մասնագիտական ​​դպրոցի արհեստագործության ամբիոնի դասախոս Մուստաֆա Սերդար Ակգյոնյուլը, ճարտարապետ Ֆեսիհ Բարութը եւ Սասունի շրջանի նահանգապետարանի վարորդ Մազլում Յըլմազը։

Նշվում է, որ չորս հոգին մահացել են տեղում, հինգերորդը՝ հիվանդանոցում։ 

Պատվիրակությունը փորձագիտական ​​​​խումբ էր, որ ուղեկցում էր դատական ​​​​պատվիրակությանը։ Դատական իշխանությունները մեկնել էին Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք՝ եկեղեցու վերականգնման գործընթացի ընթացքում վարչական դատարան ներկայացված առարկության հայտի չեղարկման գործի շրջանակներում դատական ընթացակարգերի նպատակով։ Թե չեղյալ հայտարարման ինչ հայց էր քննվում հայկական եկեղեցու տարածքի վերաբերյալ, չի նշվում, սակայն հայտնի է, որ Սասունի քչաթիվ հայերը ժամանակին բողոքում էին առանց այն էլ ավերակ դարձած պատմական եկեղեցին քանդողների դեմ, որից հետո Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայտնվել էր թուրքական իշխանությունների կողմից վերականգնվող հուշարձանների շարքում։ Հնագիտական կազմակերպությունների եւ Բաթմանի համալսարանի հաղորդագրություններում ասվում է, որ ողբերգությունը վրա է հասել պատմական եւ մշակութային ժառանգության վրա լույս սփռելու ժամանակ։ 

Եկեղեցում եւ տարածքում տասը տարուց ավելի է՝ ընթանում են վերականգման աշխատանքներ, որոնց ընթացքում հնագույն իրեր են հայտնաբերվել, այդ թվում՝ հայերեն գիրք։ Ավելի վաղ գտած նմուշները մոտ երկու հազար տարվա պատմություն ունեն, բոլոր գտածողները հանձնվել են Բաթմանի թանգարանին։  Տեղանքը ուխտավայր է ոչ միայն սասունաբնակների համար․ ամբողջ աշխարհից բազմաթիվ սասունցիներ ամեն տարի հուլիսին ուխտագնացություն են կատարում Մարութա լեռ, այցելում պատմական եկեղեցի, կատարում զոհաբերություն եւ այլ արարողություններ։