Հանդիպեցինք պատահաբար. մասնակցում էի ուրախ մի միջոցառման, որին ինքն էլ էր հրավիրված տիկնոջ ու չափահաս դստեր հետ: Մի քանի ամիս առաջ էր ներաղթել Հալեպից ու հասցրել էլ մտերմանալ հարևանների հետ, հարազատանալ:
Առաջարկեցի առանձանալ ու զրուցել: Մտահոգ մտերիմներիս հետ մի տեղեկատվական գրքույք ենք ուզում հրատարակել, որտեղ կլինեն բոլոր անհրաժեշտ տվյալները Հայաստանի պետական, հասարակական, սոցիալական և այլ կառույցների վերաբերյալ, որպեսզի ներգաղթած մեր ազգակիծը հնարավորին չափ քիչ խնդիրներ ունենա մեր կյանքին ինտեգրվելու ճանապարհին:
Շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար: Ասաց, որ ներգաղթյալները հաշվառվում են սփյուռքի նախարարությունում, որոշ հարցերում իրենց աջակցում են, սակայն դա բավարար չէ եկվորների համար, հատկապես որ ոմանք Հայաստան են հասնում ձեռնունայն:
Ինքը եկել է այն բանից հետո, երբ Հալեպում գտնվող ավտոսպասարկման իր օբյեկտները ռմբակոծվել են, ունեցած երեք բնակարաններից երկուսն ավերվել են:
Անվնաս մնացած միակ արհեստանոցը տրամադրել իր աշխատողներին ու եկել: Վարձ չի ուզում նրանցից, ու հիմա ուրախ է, որ չորս ընտանիք Հալեպում իր շնորհով հոգում են իրենց օրվա հացը:
Զրույցն աստիճանաբար ու ենթադրելիորեն հանգում է հայաստանյան իրականությանը: Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ մեր իշխանությունների շատ ու շատ քայլեր, որոնք ջլատում են ժողովրդի ոգին ու կարողունակությունը: Ես ջանում եմ խտացված նախադասություններով բացատրել, թե ինչու է այդպես ու միաժամանակ ինձ զբաղեցնում է հետևյալ հարցը՝
- Ի՞նչն է պատճառը, որ Սիրիայից եկած իմ ազգակիցը ավելի մտահոգ է երկրի ներքին կյանքում արդարության հաստատման հացում, քան հայաստանցին: Ի՞նչու ենք մենք այսքան տարբեր:
Եվ հընթացս փորձում եմ պատասխանը գտնել: Հայաստանցիների մեծամասնությունը տևական ժամանակ գտնվել է պարսից գերիշխանութան տակ , հետո 1828-ից հայտնվել է ռուսական գերիշխանության տակ, ապա՝ բոլշևիկների: Իրենք՝ սիրիահայերը, ըստ ամենայնի 1915-ից ապրում են արաբների պետությունում: Որտե՞ղ ենք մենք՝ հայաստանցիներս, շեղվել, հետ վարժվել կարգ ու կանոնից:
Հարցս մնում է օդում կախված, քանի որ սկսում ենք խոսել իր ընտանիքի այժմյան վիճակից: Ինքը լավ մասնագետ է, հայտնի ավտոգործարանի ներկաացուցիչ է եղել Սիրիայում, ու այստեղ արհեստանոց է բացել և գործերը վատ չեն. աշխատանք ու եամուտ ունի: Կինը Հալեպում հայկական համայնքի կրթարանում դաստիարակչական աշխատանքներ է իրականացրել: Սակայն դիպլոմը իրենց հետ բերել չի հաջողացել բնակարանի ռմբակոծված լինելու պատճառով: Եթե փորձի տեղեկանք բերի Հալեպից, ապա դրա համար մարդիկ այնտեղ վտանգելու են իրենց կյանքը, քանի որ անգամ խանութ գնալն անվտանգ չէ: Ու այդ պատճառով կինն աշխատանք գտնել չի կարողանում:
Պատմում է, որ հետ շատ սիրիահայեր են եկել Հայաստան, նրանց մեջ կան նաև ունևորներ, ասենք՝ կարող են ամիսը 1000 դոլարով տուն վարձել Երևանի կենտրոնում: Բայց նրանց մեծ մասը մտադիր է Եվրոպա գնալ, քանի որ այստեղի ապօրինությունները տանել չեն կարողանում: Սիրիայում էլ թերություններ կան, սակայն այն, ինչ կա հայաստանում, անպատկերացնելի է: Այնտեղ պետությունն ամեն կերպ աջակցում է գործարարներին, իսկ այստեղ հակառակն է: Անկախ ամեն ինչից, ինքը որոշել է մնալ Հայրենիքում:
- Տարիներ առաջ,- պատմում է,- երբ Իրաքում պատերազմ սկսվեց, շատ հայեր այնտեղից տեղափոխվեցին Սիրիա: Մենք, սիրիահայերս, ամեն կերպ օգնում էինք նրանց տեղավորվել, ոտքի կանգնել: Շատերը մի կերպ էին լքել Իրաքը, եկել էին դատարկ գրպաններով: Հալեպում բոլոր հայերը գնում էին առաջնորդարան և հայտնում, թե ով ինչպես կարող է օգտակար լինել սիրիա եկած մեր ազգակիցներին: Մեկը հագուստ էր տալիս, մյուսը՝ փող, ժամանակավոր կացարան և այլն: Ես իմ տներից մեկը տվեցի մի ընտանիքի՝ ժամանակավորապես ապրելու այնտեղ, մինչև որ կարողանային տան հարցը լուծել: Իրաքահայ մի պատանու էլ գործի ընդունեցի իմ արհեստանոցում, որ ընտանիքի համար գումար վաստակելու հնարավորություն ունենա: Տունս տվել էի առանց վարձի: Այնտեղ բոլորն էին այդպես վարվում, չլսված բան էր, որ Իրաքից մի կերպ փախած հային Հալեպի հայը տունը վարձով տար: Իսկ հիմա նույն կարգավիճակով ինքս եմ մի կերպ հասել իմ հայրենիք ու... վարձով եմ ապրում... Սա ես դժվար եմ տանում...
Լսու՞մ եք, հայաստանցիներ...