Ավստրիայի արտաքին գործերի նախկին նախարար Կարին Կնայսլը հայկական արտադրության շոկոլադ է նվիրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Նրանք հանդիպել են Մոսկվայում ընթացող «Ստեղծելով ապագան» միջազգային սիմպոզիումի շրջանակներում:
Ըստ «Արեւելք»-ի տեղեկությունների՝ Կնայսլը հայկական արտադրության «Գուրմէ Դուրմէ» շոկոլադների սիրահար է, ոչ միայն ինքն է ուտում, այլեւ՝ նվիրում է: Նա Լավրովին նվիրել է «Շոկոլադին» անունով շոկոլադ: Այս շոկոլադն ընկերությունը պատրաստել է հաբերի տեսքով եւ դեղանվան ձեւով, ինչը լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում ապրանքի հանդեպ:
«Գուրմէ Դուրմէ»-ն լիբանանահայ Պաղդատեան ընտանիքի հաջողված ձեռնարկատիրություններից մեկն է Հայաստանում. ընկերությունը բարձրորակ հումքով հուշանվերային շոկոլադ է արտադրում:
Կնայսլի նվերը Լավրովին հրապարակել են ռուսական լրատվամիջոցները: