image

Օր Հիշատակի. Գրեց՝ Լիզա Բերյքյան- Աբրահամյան

Օր Հիշատակի. Գրեց՝ Լիզա Բերյքյան- Աբրահամյան

 

 Գերմանիայում հաստատված մեր հայրենակցուհի՝ Լիզա Բերքյան- Աբրահամյանը գրում է ՝

-30 տարի առաջ այսօրը հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող բոլոր հիվանդները վեր թռան լուսահոգի հորեղբորս՝ Փայլակի լացից․ «Ժողովուրդ, իմ Մասիս սարն է շուռ եկել», -պատմում էր քույրս։ 

Գեղարոտցի Ժորժիկը և' Մասիս սար էր, և' Շեքսպիրի Համլետը մի բառով կասեր․ -ՄԱՐԴ էր, Հորացիո․  տոհմասեր, ազգասեր, ընկերասեր, հյուրասեր, հարեհաս Մարդ։

«Նա մեկն էր այն անձերեն, որոնք անցնելով, իրենց հետքի վրա՝ բարեկամություն կստեղծեն»: Մեծն Դանիել Վարուժանի այս խոսքերը նրա համար են ասված։  Հարստություն չկուտակեց այս անցողիկ աշխարհում,  նրա հարստությունը մենք էինք՝ հինգ զավակները, իսկ դրա փոխարեն, տան դուռը բաց էր, և Հայաստանի հարյուրավոր ճանաչված արվեստագետներ, գրողներ, լրագրողներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, հազարավոր ազգականներ ու բարեկամներ, անծանոթ մարդիկ,  հյուրնկալվեցին մեր տանը... 

– Դու՝ Աբրոյենց ցեղի ընտրյալ զավակ,

Մեր մեծ ազգասեր, մեր մեծ հյուրասեր,

Մեր տոհմածառը իրար կապող կամուրջը եղար,

Օջախդ՝ փարոս, ազգիդ տուն կանչող․․․

Հանկարծ մեր տան պատերը լեզու առնեն, ինչե՜ր կպատմեն այն օրերի մեր տանը տեղի ունեցած հանդիպումներից: Եթե մի օր հյուր չէինք ունենում, իջնում էր գյուղամեջ: Հենց դուրս էր գալիս, մորս և քույրերիս հետ սկսում էինք «բամբասել», թե հիմա անծանոթ մարդկանց հետ կվերադառնա: ԵՎ չէինք սխալվում: Անծանոթ մարդկանց հետ ներս մտնելուն պես, ասում էր. – Աղջի Վարիկո, երեխեք, հաց դրեք, մարդիկ սոված կլինեն, մեքենան խափանվել է, մնացել են ճամփին․ 

Սուփրան բացված, սեղանն առատ, տունն՝ հյուրերով լի,

Հորս քեֆը լավ, միշտ ներսից ձայնում, 

Աղջի Վարիկո, այսինչ բանը բեր,

Մայրս՝ անդադար ներս ու դուրս անում,

Այս բանը տանում, այն բանը բերում․․․

Այս պատկերներն են ինձ դիմավորում, երբ մտքի թելով ես տուն եմ դառնում: 

Այդ ի՜նչ ձգողական մեծ ուժ էր, և մեծ սրտից աղբյուրի նման սեր էր բխում առ հարազատն ու մերձավորը: Այս մղձավանջային աշխարհում այսօր պակասել է  սերը, և  կորցնում ենք աշխարհում սիրո համը․․․ 

– Գեղարոտցի Աբրոյենց հյուրասեր ժորժիկին կճանչնա՞ք: 

Այս հարցը մեզ տվել են Հայաստանում, Ռուսաստանում, արտասահմանում, երբ իմանում էին, որ գեղարոտցի ենք: Այդ հարցն ինձ մեկը տվեց նաև այս ամռանը, հորս հեռանալուց 30 տարի անց, երբ պատահական տաքսիով Երևանից Գեղարոտ էի մեկնում։ Հպարտություն, հուզում ապրեցի, տամուկ էին աչքերս։ 

Երանի՜ քեզ պես Մարդ եկող-գնացողներին, Հայրիկ ջան։

Թող հոգիդ խաղաղ սավառնի անծայրածիր տիեզերքում, որովհետև որդիդ՝ Դավիթը սնվել է, մեր ընտանիքի սիրառատ ու անարատ ակունքի ջրով, քո նիստուկացով, և անսասան է պահում մեր հյուրամեծար ու հյուրասեր օջախի գեղեցիկ ավանդույթները․․․ Օրհնանք և խոնարհում։