image

Նիկոլն ասաց Հայաստանը փոխվում է, եկա, այլեւս չեմ գնալու. Հորդանանահայ

Նիկոլն ասաց Հայաստանը փոխվում է, եկա, այլեւս չեմ գնալու. Հորդանանահայ

20 օր առաջ է հորդանանահայ 64-ամյա Անտոն Լևոն Դեմիրճյանը Հայաստան եկել: Սա նրա չորրորդ ու վերջին այցն է հայրենիք. այլևս չի հեռանալու երկրից, որոշել է, որ ոչ միայն ինքը, այլև իր 5 զավակներն այսուհետ Հայաստանում են ապրելու, գոնե նրանք էլ հետագայում իր նման չեն ափսոսա հայրենիքից հեռու ապրած տարիների համար: Հիմա պարոն Անտոնը ցավով է ասում. «Երանի երիտասարդությունս հոստեղը անցընէի, բայց ձեռքս չէ»:

 

Երիտասարդությունը չի վերադարձնի, բայց գոնե կլրացնի բաց թողածը՝ իր զավակների ու թոռների ներկայությամբ: Նրա 32-ամյա որդին արդեն վերադարձել է,  հայաստանցի հարսնացու ունի եւ օրեր անց՝ հունիսի 19-ին, տեղի կունենա նրանց հարսանիքը: Տղային իր հորդորն ու ցանկությունը հետևյալն է. «Ըսի իրեն՝ տղա՛ս, հո՛ս մնա և ապրի, և պիտի մնա»:

 

Ոչ միայն տղան, դուստրը՝ Հասմիկը՝ ամուսնու ու զավակների հետ ևս Հայաստանում է, դժվարությամբ է հայերենով հաղորդակցվում, բայց  «Արևելքին» հակիրճ կարողանում է պատմել իր զգացումների մասին: «Հայաստանը շատ լավ է, հարմար է, փառք Աստծո: Առաջին անգամ եկել ենք անձնագրի համար, Հայաստան տեսանք, շատ լավ էր, ասի՝ իմ երկիրս է, երեխաներու համար եկանք, որ սորվեն հայերեն»,-պատմում է երկու դպրոցական երեխաների մայրը՝ Հասմիկը, իսկ պապիկն արդեն հպարտանում է հայերենի յուրացման գործում թոռնիկների նվաճումներով:

 

Ասում է. «Օ՜հ, շատ լավ կզգան, հիմա երեխաները կխաղան դուրսը ուրիշ երեխաներու հետ, կխոսին հայերեն, ես զարմացա՝ հայաստանցիի լեզուն ինչպե՞ս կխոսին անանկ, կսորվին երեխաները, և ես շատ ուրախ եմ, որ հայերեն կխոսին»:

 

Երեխաները՝ բակի փոքրերի, ինքն էլ՝ մի լավ հարևանի հետ է շատ շփվում, որպեսզի հայերեն խոսքով չզիջի հայաստանցիներին, շատ ժամանակ չի պահանջվի, վստահ է. «Վեց ամիս կուզե, որ հասկնամ, դրացի կա մեկ հատ, շատ աղվոր ընկեր է, կխոսինք իրարու հետ, 6 ամիս ետք երևանցի կըլլամ: Մեր լեզուն տարբեր է, անոնք զարմացել են»:

 

Ինքն էլ Հայաստանում զարմանալու առիթներ ունեցել է, իսկ տարբերությունները Հորդանանի համեմատ շատ են. «Չափեն ավելի տարբերություն կա հոստեղ ապրիլ կամ Հորդանան. Հոստեղ օդը մաքուր է, կբավե, շունչ առնելը մաքուր է, հետո ամեն պտուղներ կան, զարմանալի, մեր քովը չկա աս բանը, առաջին անգամ կտեսնինք այս պտուղները, անունները չիդեմ: Մաքուր կերակուր կուտենք կոր, ջուրը մաքուր է, հոնտեղի ջուրը՝ Հորդանանի ջուրը լողալու ալ չէ, ոչ միայն խմելու»:

 

Փոխարենն այնտեղ հայերը հարուստ են, աշխատավարձերը՝ բարձր, շատերը Հայաստանում չեն էլ եղել, բայց բավական է մեկ անգամ այցելեն ու կմտափոխվեն, կարծում է Անտոն Դեմիրճյանը: Ասում է.

 

«Երանի, որ բոլոր հայերը Հորդանանի հոս գան, իրենց աչքերով տեսնեն, թե ինչ երկիր է ասի, վստահ եմ, որ կսիրեն, բայց չիդես, մեծ-մեծ ընկերություններ կան, հայերը շատ հարուստ են Հորդանանի մեջ, բայց ինչ ընեն, կուզեն, որ Հայաստանի մեջ գործ ըլլա, ծախեն հոն ամեն ինչ և հոս գան»:

 

Իր զավակները եկան, դյուրին չէր, աղջկա ու նրա ամուսնու աշխատավարձերը ցածր են, բայց Հորդանանում մեծ տուն ունեն, որը վաճառելու դեպքում մտադիր են Հայաստանում բիզնես հիմնել, այսպիսով Հորդանան վերադառնալու հեռանկար այլևս չի լինի:

 

Իսկ Անտոն Դեմիրճյանը, ով ծնվել է այդ երկրում, թոշակ է ստանում այնտեղից, ապրել է ապահով կյանքով, Հայաստան տեղափոխվելու հարցում երկմտում էր երկար ժամանակ, հիմա այլևս մտավախությունները վերացել են, պատճառը հայրենիքում տեղի ունեցած փոփոխություններն են: Ասում է. «Կփոխվի կոր, ես լսեցի, որ Հայաստանը կփոխվի կոր և պետք է փոխվի, և աս Նիկոլը ասաց՝ Հայաստանը ուրիշ կըլլա և պետք է ըլլա: Չեմ կարծեր, որ մնայի Հայաստան, եթե աս չըլլար, բայց երբ լսեցի, ըսի, որ Հայաստան պիտի երթամ»: