image

Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է. Սերժ Սարգսյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովին

Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է. Սերժ Սարգսյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովին

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի բացման աղոթքը և օրհնության խոսքը: 

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ նման համաժողովները պատեհ առիթ են Հայաստան-Սփյուռք շունչը զգալու համար:

Նա ասաց, որ մեր պապերից ժառանգած միասնականությունն ամենևին էլ չի նշանակում միատարրություն: «Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության կոչը չպետք է դիտել ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը՝ ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ՝ կարող ենք արդյունավետ լուծումների հասնել: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,-ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին՝ նա նշեց, որ դրանք հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել, և եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը։

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում է քաղաքական կյանքը, փոխվում են քաղաքացիները՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված»,-ասաց նա և նշեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ անցել են աննախադեպ թափանցիկությամբ։

Նշենք, որ այս տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է ավելի քան 1500 մարդ՝ 70 երկրից: Ներկա են լինելու նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ: 

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին: 

Համաժողովի օրերին կազմակերպվելու են նաև մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել օպերային ճանաչված երգչուհի Արաքս Մանսուրյանին, մասնակցել «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին, «Նաիրի» համահայկական փառատոնին:

Այս տարվա համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է նաև համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: