Իրաքահայ հայրենադարձի դուստրը Երևանում առաջին մրցանակի է արժանացել
Այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթում կրտսեր խմբում հաղթող ճանաչվեց իննամյա Արաքս Աշճյանը: Նա իրաքահայ հայրենադարձի դուստր է, եւ այդ մասին Արեւելքը հարցազրույց ունեցավ Արաքսիի մոր՝ Ալինա Թոփճյան-Աշճյանի հետ:
-Ի՞նչ պայմանների ներքո լքեցիք Իրաքը եւ հաստատվեցիք Հայաստանում
-Ամուսինս՝ Արաքսիի հայրը, Հայաստան տեղափոխվեց 2007 թ․-ին՝ իրաքյան պատերազմի հետևանքով։ Նա միշտ երազել է ապրել Հայաստանում։ 2006 թ․-ին առաջին անգամ եկել է Հայաստան, շրջել է Երևանի փողոցներով և այցելել Արցախ։ Իր երազը նա իրականացրեց հաստատվելով մայր հայրենիքում։
Ես էլ Հայաստան եմ ներգաղթել 1993 թ․-ին՝ Թուրքմենստանից։ Եկել եմ այստեղ ուսումս շարունակելու և հարազատներիս միանալու համար։ Ուսումը ավարտելով ինձ մոտ այլև վերադառնալու կամ ուրիշ երկրում ապրելու ցանկություն չառաջացավ։ Այդպիսով երկուսս էլ հայրենադարձ ենք։
-Սփյուռքահայ ծնողներից սերած երեխաներն իրենց միջավայրում, մասնավորապես դպրոցում ավելի շատ որպես սփյուռքահա՞յ են ընկալվում, թե՞ տեղացի:
-Ամուսնուս հետ ծանոթացել եմ սոցիալական կայքով, երբ ինքը դեռևս Իրաքում էր, ապա հանդիպեցինք Երևանում։ Մեր երեխաները ծնվեցին Հայաստանում։ Իրենք մեզանից սովորում են մեր երկրներից բերած մշակույթը, սովորել են լավ խոսել ռուսերեն։ Արաքսը նաև խնդրում է հայրիկին իրեն սովորեցնել արաբերեն։
Մեր երեխաները գիտեն, որ իրենց ծնողները ապրել են Իրաքում և Թուրքմենստանում, նախքան իրենց ծնվելը, ծանոթ են այդ երկրների մշակույթին, բայց նաև գիտեն, որ Հայաստանը իրենց ծննդավայրն է և զգում են իրենց տեղացի։
Արաքսի հայրը 2015 թ-ին այցելեց իր ծննդավայրը՝ Բաղդադ, մասնակցելու ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին։ Այդ ժամանակ Արաքսը շատ էր սիրում նայել Ալլադինի մասին մուլտֆիլմը, և հայրը, կատակելով, ասեց, որ Բաղդադում կհանդիպի Ալլադինին և կփոխանցի աղջկա բարեմաղթանքները։
Հայաստանում հոր կողմից Արաքսը չունի բարեկամ, սակայն շփվում է հորաքրոջ հետ, որն ապրում է ԱՄՆ-ում։
-Ինչպե՞ս զգացիք որ երեխան երաժշտական հորինումներ կատարելու հակում ունի, եւ այդ առումով ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք, որ ինքն այդ ուղղությամբ զարգացնի իր ունակությունները:
-Արաքսը շատ վաղ տարիքից այսպես ասած երաժշտական երեխա էր, սիրում էր երգել ու պարել, միասին լսում էինք դասական երաժշտություն և նայում էինք բալետներ։ Նա շատ է սիրում կարդալ, ուսումնասիրել հայտնի կոմպոզիտորների կյանքը։ Տեսնելով նրա մեջ սերը դեպի երաժշտություն, որոշեցի տանել դաշնամուրի պարապմունքների։ Նա դեռ 5 տարեկան էր, երբ սկսեց հաճախել Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցը։ Մեզ բախտ վիճակվեց եւ Արաքսի դաշնամուրի առաջին դասատուն եղավ դոցենտ Ժաննա Բաղրամյանը, որ հիանալի մասնագետ և մանկավարժ է: Իսկ երկրորդ անգամ հաջողությունը ժպտաց Արաքսին, երբ Ժ․ Բաղրամյանը, լսելով երեխայի ցանկությունը առ այն, որ ինքը գրի իր կողմից հորինված երաժշտություն և հավատալով նրա ուժերին, ներկայացրեց Արաքսին կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանին։ Հիմա այս երկու մասնագետներն աշխատում են Արաքսի հետ՝ ջանք չխնայելով Արաքսի ունակությունները զարգացնելու ուղղությամբ։
-Արաքսին ո՞ր տարիքից է սկսել զբաղվել երաժշտությամբ: Ինչպե՞ս եղավ մրցույթին նրա մասնակցությունը եւ ապա՝ հաղթանակը:
-Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին Արաքսն այս տարի մասնակցեց առաջին անգամ։ Շատ զգացված էինք, որ պատվավոր ժյուրին, որի կազմում էին Հայաստանի հայտնի կոմպոզիտորներ՝ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Էդվարդ Երզնկյանը և այլք, Արաքսին արժանացրեցինն կրտսեր խմբի առաջին մրցանակին։ Այդ պարգևը շատ ոգևորեց երեխային, նրա ուրախությանը չափ չկար։ Դա իրեն տվեց ուժ և եռանդ՝ էլ ավելի շատ աշխատելու։ Նա նույնպես գիտակցում է, որ ամեն մի հաղթանակը բերում է իր հետ ավելի մեծ պատասխանատվություն։