«Թերթ.ամ» կայքէն կը կարդանք՝
Ծնունդով Հատրութցի երգիչ՝ Արթուր Խաչենցը մասնակցած է ինչպէս Ապրիլեան, այնպէս ալ այս պատերազմին:
| Ծնունդով Հատրութցի երգիչ՝ Արթուր Խաչենցը մասնակցած է ինչպէս Ապրիլեան, այնպէս ալ այս պատերազմին: | |
Արթուրի խօսքով՝ 27 սեպտեմբերին եղած է Երեւան, քանի որ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի 4-րդ կարգի ուսանող է: «Ամէն ինչ արեցի, որ հենց այդ օրն Արցախ մեկնեմ, գրանցուեցի նաեւ մահապարտների ջոկատում, բայց բոլորն ասում էին, որ յաջորդ օրը կարող եմ միայն գնալ: Այնքան ձգձգուեց ամէն ինչ, որ ինքնուրոյն համախմբուեցինք ու գիշերը ժամը 1-ին ճանապարհուեցինք դէպի Արցախ: Արցախեան գոյամարտի միակ կին ջոկատավար՝ Անահիտ Մարտիրոսեանի գլխաւորութեամբ գնացինք Արցախ»,- ըսաւ Խաչենց:
«Երկու քոյր եւ մէկ եղբայր ունեմ, մեծը ես եմ: Եղբայրս պայմանագրային զինծառայող է: Երբ հասայ Արցախ, առաջին միտքս մօրս ու քոյրերիս Սիսիան՝ քեռուս տուն ուղարկելն էր»: «Տարհանելուց ժամեր անց թուրքերը մտան գիւղ»,- նշեց Արթուրը:
Արթուր ապրիլեան պատերազմէն ետք զինուորական համազգեստը պահած էր, պատկերացնելով, որ հնարաւոր է կրկնուի նման պատերազմ: «Ապրիլեանին փորձեցին ցամաքով գալ, բայց չկարողացան, որովհետեւ մենք ունէինք Ռոպերթ Ապաճեանի պէս ազգանուէր տղաներ, այս անգամ օդով եկան, որը մեր թոյլ կողմն է»,- ըսաւ ան եւ աւելցուց, «Ինձ հետ բազում-բազում բաներ են տեղի ունեցել, շրջափակման մէջ եմ ընկել, հրետակոծութեան տակ եւ այլն, բայց Աստուծոյ շնորհիւ ողջ եմ մնացել, ուրեմն՝ իմ առաքելութիւնը տեղափոխուում է յաջորդ պատերազմ»:
Արթուրն ըսաւ, որ մահուան եւ կեանքի սահմանագծին իր մտքերը դէպի տուն եւ խաղաղութիւն կ'երթային, ամբողջ հայ ազգը պէտք է խաղաղ քնանայ: «Չպէտք է մեռնելուց վախենաս, որովհետեւ գիտակցուած դէպի մահն ես գնում. չէ՞ որ այդ նոյն գաղափարով մեզնից առաջ էլ են գնացել ու սրբացել»,- ըսաւ երգիչը:
Երգիչը պատմեց իր ընկերոջ Ռուստամի մասին, որ մէկ ամսուայ ժամկէտային զինծառայող էր, ընդամէնը 18 տարեկան, բայց կռուած էր առաջնագիծի վրայ եւ նահատակուած իր տարեդարձի օրը: «Ռուստամի վրէժը ես լուծել եմ, թուրքեր եմ ոչնչացրել, յետոյ նրանցից մէկի գլխարկը բերել եմ ու դրել Ռուստամենց դրան դիմաց, որ ամէն անգամ անցնելիս ոտքերը մաքրեն թուրքի նամուսն ու արժանապատուութիւնը համարուող գլխարկին վրայ»,- ըսաւ Խաչենց:
Հարցին, թէ ի՞նչ զգացած է թուրք կամ ատրպէյճանցի տեսած ատեն, պատասխանեց. «Ես չեմ կանգնել նրանց առջեւ, տեղում ոչնչացրել եմ, չեմ խնայել: Շատ կը ցանկանայի ես էլ նրանց տանջամահ անելով սպանել, ինչպէս նրանք են մեր տղաների հետ վարուել, բայց չեմ արել»:
Արթուրի տունը մնացած է Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցած հատուածը: «Եթէ իմանայի, որ տունս թուրքին է մնալու, գոնէ պայթուցիկ կը դնէի, որ առաջին թուրքը, ով իմ տուն մտներ, իր մաշկի վրայ զգար՝ ֆիտայինի տուն է մտել»:
Հարցին՝ ինչպէ՞ս կը կարողանայ յաղթահարել այս ամէնը, Արթուր պատասխանեց. «Յոյսով, հաւատքով, իմ մէջ սէր գտնելով, որ դեռ ապրող ընկերներ ունեմ, ովքեր ինձ սիրտ են տալիս»: «Մենք պէտք է ապրենք, պէտք է ամուսնանանք, զաւակներ ունենանք ու նրանց փոխանցենք այն, ինչ մնացել է մեզ: Առաջ մտածում էի, որ տղայ երեխայիս հօրս անունով եմ անուանակոչելու, բայց հիմա որոշել եմ՝ արու զաւակիս Ռուստամի պատուին եմ անուանակոչելու»:
Ան նշեց, որ կռուող զինուորը յաղթած է, չէ պարտուած: «Արցախ աշխարհը տալով՝ ոչ ոք չի կարող ասել կռուող զինուորին, որ նա պարտուել է: Նրանք իրենց կեանքի գնով են կռուել՝ խաղաղութեան յոյսով, բոլոր տղաների նպատակն էր՝ վերջնական լուծում տալ 30 տարի շարունակուող այս խնդրին»: «Պարտուել են նրանք, ովքեր ասում էին յաղթելու ենք եւ ոչինչ չէին անում»,- ըսաւ Խաչենց:
Պատերազմի թէժ օրերուն համացանցով տարածուեցաւ Արթուրի տեսանիւթը, ուր երգիչը կ'երգէր յայտնի «Գինի լից» երգը: «Մի վաշտ կար, որին թուրքերը կոտորել էին, ողջ էին մնացել 30 հոգի, ովքեր 2 օր սոված-ծարաւ քայլել էին ու հասել մեզ մօտ: Մի մասին ճանապարհեցի այլ տեղ, բայց նրանք, ովքեր տեսանիւթում կան, կարողանում էին քայլել, նրանք մնացին ինձ հետ: Տղաները հերթով պատմում էին, որ եղբայր, հարազատ են կորցրել ու նոյնիսկ չեն կարողացել դիերը վերցնել: Ես ասացի, որ լացելու ժամանակը չէ, եկենք երգենք, մէկս միւսիս ոգի տանք ու երգեցի «Գինի լից»-ը, մի հատուած էլ նկարեցի»: Խաչենց նշեց, որ ճիշդ ժամանակին տեղադրած է այդ, որովհետեւ մարդոց համար յաղթանակի երգ դարձաւ:
Խօսելով իր ապագայ ծրագիրներու մասին՝ Արթուրն ըսաւ. «Ամերիկայի Միացեալ Նահագներ, Ռուսաստան գնալու տարբերակներ են առաջարկում: Ճիշդ է, տուն չունեմ, հիմա հիւրանոցում եմ ապրում ընտանիքիս հետ, բայց ուզում եմ Երեւանում մնալ, Հայաստանում ապրել»: