Լիանան ծնվել է Հայաստանում, սակայն հարս է գնացել Սիրիա: Մասնագիտությամբ կինիեզիոլոգ է: 2012-ի ամռանը Լիանան և ամուսինը որոշում են երկու շաբաթով գալ Հայաստան, մինչ Հալեպում կյանքն ավելի անվտանգ կդառնար: «Ոչինչ չունեինք, անգամ ձմեռվա հագուստ: Կարելի է ասել՝ սկսեցինք զրոյից, ավելի ճիշտ՝ մինուսից»,- ասում է Լիանան՝ թվարկելով, թե ինչեր ունեին Սիրիայում ու ինչեր կորցրին,- «տուն, ամառանոց, կահույքի գործարան… Հիմա ամեն ինչ թալանված է, ոչինչ չկա, չորս պատերն են մնացել»:
Նրա խոսքով, նրանք չեն էլ ցանկանում հիշել ու ապրել անցյալով: Հայաստանում նրանք ամեն բան սկսեցին նորից: «Օրեր կային, որ անգամ հացի գումար չունեինք, բայց ոչ մի օր չենք հուսահատվել, ոչ մի նեղված օր չենք ունեցել, որովհետև վստահ էինք, որ ոտքի կկանգնենք»,- ասում է Լիանան:
Լիանայի ամուսինը՝ Ավիգ Բաղդիկյանը, կահույքագործ է: Հայաստանում սկսում է կահույքագործությամբ զբաղվել: Լիանան որդու՝ Նարեկի ծնունդից հետո մինչ իր մասնագիտությամբ գործ գտնելը ձեռքի աշխատանքներ էր պատրաստում, մասնակցում սիրիահայերի համար կազմակերպվող տոնավաճառներին: Սակայն նրա գլխավոր երազանքը սեփական մարզասրահ ունենալն էր: 15 տարվա երազանքը, որ չէր հասցրել իրականացնել Սիրիայում, բարեկեցիկ կյանքի պայմաններում, իրականացնում է Հայաստանում՝ կյանքի թերևս ամենադժվարին շրջափուլերից մեկում: Հենց դրա համար էլ սա չափազանց թանկ ձեռքբերում է նրա համար:
Չնայած մարզասրահը դեռևս պաշտոնապես բացված չէ, մարզումներ արդեն արվում են: Ֆիթնես միքս ջամփինգը (FitnessMix- Jumping) Լիանայի իրականացած երազանքն է Եզնիկ Կողբացի 75/4 հասցեում: «Հայաստանում ամեն քայլափոխի մտավոր զարգացման կենտրոններ կտեսնես, ինչը շատ ուրախալի է, բայց ֆիզիոլոգիական զարգացումը, որը նույնքան կարևոր է, շատ թույլ է»,- նշում է նա: Նրա մարզասրահում կարող են մարզվել բոլորը՝ անկախ տաիքից և սեռից:
Ինչ վերաբերում է Հայաստանին ու հայրենադարձությանը, Լիանան ասումէ՝ «սա մերն է»: Նրա կարծիքով Հայատսանում մեծ խնդիր է թերահավատությունը: «Մենք ոտքի ենք կանգնել միմիայն մեր աշխատասիրության շնորհիվ: Աշխատել ենք, փաստել, որ մեր գործը լավ ենք անում»,- ասում է Լիանան՝ իր կողմից մի կարևոր սկզբունք փոխանցելով բոլորին,- «եթե ինչ որ բան եք անում, լա՛վ արեք: Կիսատ-պռատ, իմիջիայլոց անելով ոչինչ չի ստացվի: Գործ չկա, գործ չկա, միայն դա ենք լսում: Եթե մարդ իր գործը լավ անի, ապա միշտ գործ կունենա: Մարդկանց թվում է, թե ամեն ինչ Սերժ Սարգսյանը պիտի անի: Սա է Հայաստանի խնդիրը»,- եզրափակեց Լիանան:
Աղբիւր՝ ankakh.com