ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հրատարակել է Մատենադարանի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը:
Գրքում հայկական արխիվային պահոցներում պահվող մեծ թվով նորահայտ վավերագրերի, հայ պարբերական մամուլի հրապարակումների, թուրքական և օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը, վերհանված է նահանգի տնտեսական կյանքում հայերի ազդեցիկ դիրքը:
Հայոց ցեղասպանության իրագործմամբ թուրքական պետությունը տիրացավ բուրսահայության դարերի տքնությամբ ստեղծված անհատական և հավաքական ահռելի ունեցվածքին՝ տներին, հողատարածքներին, շերամաբուծական, մետաքսագործական և այլ գործարաններին, հյուրանոցներին, գրանիտի, մարմարի, պղնձի, երկաթի, արծաթի, հանքերին, մշակութային արժեքներին:
Ուսումնասիրության առաջնային նպատակը եղել է տնտեսագետներին նյութերի և փաստերի տրամադրումը` Մեծ եղեռնի հետևանքով Բուրսայի նահանգի հայության նյութական կորուստները հաշվարկելու համար: Գիրքը նախատեսված է նաև պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակի համար: