«Յարգելի գործընկերներ, ես վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնաւորապէս Կութ գիւղի հատուածի մեր սահմանային տարածքներից: Տեղում ծանօթացել եմ իրադրութեանը եւ ուզում եմ ձեզ հետ կիսել տպաւորութիւններս, բայց բացի տպաւորութիւններ կիսելուց, ուզում եմ նաեւ հանդէս գալ իրադրութեան լուծման առաջարկով:
Իրադրութիւնը լարուած է եւ այդ լարուածութեան տինամիքան աճողական է: Այսինքն ոչ միայն ստատիկ լարուած է, այլեւ շարունակաբար լարուում է եւ մեծ հաւանականութեամբ շարունակելու է լարուել: Ինչո՞ւ, որովհետեւ վերջին օրերի, 15 օրուայ իրադարձութիւնների ընթացքում մեր տարածք ներթափանցած ատրպէյճանական զինուորները եւ մեր զինուորները, ստորաբաժանումները փոխներթափանցուած վիճակում են: Այսինքն, ըստ էութեան, գտնուում են ոչ միայն դէմ դիմաց, այլեւ, խառը փոխներթափանցուած վիճակ է:
Եւ ինչո՞ւ է իրադրութիւնը լարուելու, ոչ միայն այն պատճառով, որ ամենատարբեր միջադէպեր են գրանցուել եւ այդ լարուածութիւնն ի վերջոյ կարող է պայթեցնել իրավիճակը, այլեւ այսօրուայ միջադէպից յետոյ կայ հաւանականութիւն, որ մեր Զինուած ուժերի ներկայացուցիչներն էլ կը փորձեն գերի վերցնել, յետոյ նրանք կը փորձեն պատասխան քայլն անել եւ այսպէս շարունակ: Եւ իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիօրէն կարող է վերածուել բախման, լայնածաւալ բախման:
Հիմա ես չեմ ուզում կրկնել այն գնահատականները, որ արդէն մի քանի անգամ հրապարակային ասել եմ, այլ ուզում եմ առաջարկել լուծում, իրավիճակի դիւանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կը բերի լիցքաթափման:
Տեղեակ էք, որ Ատրպէյճանն իր գործողութիւնները բացատրում է, պատճառաբանում է իր մօտ առկայ ինչ-որ քարտէզներով, որ մեր եւ իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման եւ աշխարհագրութեան վերաբերեալ տարբերուում են: Մենք, ի հարկէ, գնահատականը չենք կիսում եւ դրա վերաբերեալ ունենք մեր յստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրութիւնը հասել է այս պայթիւնավտանգ իրավիճակին՝ ես բաց առաջարկով եմ հանդէս գալիս՝ ուղղուած միջազգային հանրութեանը: Սա անում եմ հայ հանրութեան առաջ եւ այս առաջարկն ուղղուած է նաեւ Ատրպէյճանի կառավարութեանը:
Առաջարկը հետեւեալն է՝ մենք պայմանաւորուում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինուած ստորաբաժանումները, այսինքն՝ Զինուած ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերեալ կայ պատկերացում՝ 5 քիլոմեթր այս կողմ, այն կողմ, որոշակի քիլոմեթրերի տարբերութիւն կայ՝ մէկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապէս այդ տարածքներից զինուած ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարէն ենթադրուող սահմանագծի երկայնքով տեղակայուեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը ներկայացնող:
Դիտորդների ներկայութիւնն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպէսզի կողմերը համոզուած լինեն, որ դիմացի կողմը պայմանաւորուածութիւնը կատարում է, այսինքն՝ զօրքեր չի մօտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խօսքը Սոթք-Խոզնավար հատուածի մասին է, տուեալ դէպքում հենց այս հատուածում է սահմանային լարուածութիւն առաջացել: Որից յետոյ արդէն կրկին միջազգային հովանու ներքոյ տեղի ունենայ սահմանային կէտերի ճշգրտման աշխատանք: Տուեալ դէպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսքի խումբը ներկայացնող դիտորդներ պէտք է ներգրաւուած լինեն ու այս գործընթացը պէտք է տեղի ունենայ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան գործունէութեան ներքոյ:
Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած փլանը: Եթէ Ատրպէյճանն իրօք խնդիր ունի սահմանային կէտերի ճշգրտման հետ, ապա այս փլանը մերժելու որեւէ պատճառ պէտք է չունենայ: Մենք մեր կողմից համոզուած ենք, վստահ ենք, որ բոլոր միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը, տեսակէտը հիմնաւորել: Գուցէ իրենք էլ ունեն վստահութեան իրենց բաժինը, բայց խօսքը դրա մասին չէ, խօսքն այս փուլում իրավիճակը տեէսքալացիա (ապաթէժացում) անելու մասին է եւ դիւանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին:
Եւ սա կարող է համարուել, կարող ենք համարել պաշտօնական առաջարկ՝ ուղղուած Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրներին եւ ի հարկէ նաեւ Ատրպէյճանին: Այնպէս որ, ես յոյս ունեմ, որ այս առաջարկը կ'ընդունուի:
Ճիշդն ասած, տեղում իրադրութեանը ծանօթանալով, եկել եմ այն համոզման, որ հենց սա է իրադրութեան լուծման ամենակարճ, ամենաադրիւնաւէտ եւ խելամիտ ճանապարհը, որովհետեւ կրկնում եմ, եթէ մենք այս ճանապարհով չգնանք՝ իրավիճակն անխուսափելիօրէն դուրս է գալու վերահսկողութիւնից, իսկ մենք դա թոյլ տալ չենք կարող: Բացի այս առաջարկից, ի հարկէ մենք աշխոյժ խորհրդակցութիւններ կը սկսկենք մեր միջազգային գործընկերների հետ: Արտաքին գործերի նախարարի հետ արդէն այս թեմայով խօսել ենք եւ յոյս ունեմ, որ մենք արդէն արագ հնարաւորութիւն կ'ունենանք անցնել առաջարկի իրագործմանը»: