Այս տարի լրանում է ճանաչված հայ ջութակահարուհի, վիրտուոզ կատարող, միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակը: Այդ առթիվ Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվելու է ջութակահարուն նվիրված ցուցահանդես: Ինչպես «Արևելքին» հայտնեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Անահիտ Ցիցիկյանը եղել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտի» առաջին կատարողը՝ Հայաստանում, սակայն ոչ նվագախմբի, այլ՝ դաշնամուրի նվագակցությամբ: Ջութակահարուհին Խաչատրյանի այդ գործը կատարել է 1940-ականների սկզբին:
Մարտի 9-ին նախատեսված ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու են Անահիտ Ցիցիկյանի իրերից՝ գործիքը, սկավառակներ, գրքեր, որոնք թանգարանին է տրամադրել նրա դուստրը՝ Նունե Շամախյանը:
Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքում, մոտ 40 տարի հանդիսացել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, եղել է նաև լրագրող, հեղինակել է 300-ից ավելի հոդվածներ, ռադիո և հեռուստահաղորդումներ։ Մահացել է 1999-ին՝ Երևանում:
