Ա.
Տրապիզոնից Ռուսաստանի Եկատերիոնոդար (այժմ՝ Կրասնոդար) գաղթած Յովհաննէս Թամանեանի ընտանիքում 1878-ին ծնուեց նրանց Ալեքսանդր որդին, որ ճակատագրով կոչուած էր դառնալու հայ նոր ճարտարապետութեան հիմնադիրը։ Դեռեւս մանկուց փոքրիկ Ալեքսանդրը ընտանիքում տարբերւում էր իր հինգ եղբայրներից՝ իր սէրով դէպի գեղեցիկը։
1888-ին նա ընդունւում է Կուբանի Ալեքսանդրեան ռէալական ուսումնարանը, որը գերազանց վարքով եւ ցուցանիշերով աւարտում է 1896-ին։
Միջոց չունենալով բարձրագոյն կրթութիւն տալ բոլոր զաւակներին, հայրը տեղւոյն հայ համայնքի աջակցութեամբ կարողանում է Ալեքսանդրին ուսման ուղարկել Սանկտ Պետերբուրգ։
Եւ այսպէս, 1898-ին Ալեքսանդր Յովհաննէսի Թամանեանը Պետերբուրգի գեղարուեստի արքայական բարձրագոյն ուսմանց ակադեմիայի ճարտարապետութեան մասնաճիւղի ուսանող էր։ Ընդունակ եւ համակրելի Ալեքսանդրը շուտով մտերմանում է ակադեմիայի դասախօսներից Լէոնտի եւ Ալբերտ Բենուաների, իսկ դասընկերներից՝ Նիկոլա եւ Էօժէն (Եւգենի) Լանսերէների, Վլադիմիր Շչուկոյի, Նիկոլա Սոկոլովի եւ այլոց հետ։ Ընկերների հետ ճարտարապետական իւրօրինակ խմբակ կազմելով կը սկսեն ուսումնասիրել եւ գծագրել շքեղ Պետերբուրգի ճարտարապետական կարեւոր կառոյցները։
1904-ին ուսումն աւարտելով, 26-ամեայ Թամանեանը ակադեմական ընկերների, յատկապէս Վլադիմիր Շչուկոյի հետ հեղինակակից է դառնում Սանկտ Պետերբուրգում կառուցուելիք մի շարք նախագծերի (Café de France), մասնաւորապէս 18-րդ դարի Ս. Եկատերինա հայկական եկեղեցու (ճարտարապետ Եուրի Ֆելտեն) վերակառուցմանը՝ շինութեանը տալով առաւել հայ ճարտարապետութեանը բնորոշ տարրեր։
Անուանի հնագէտ Նիկողայոս Մառը (1864-1934) երկար տարիներ ուսումնասիրելով պատմական Անիի հնութիւնները, 1908-ին առաջարկում է Թամանեանին նախագիծ պատրաստել Անիի թանգարանի համար։
Երիտասարդ ճարտարապետը սիրով ու իմացութեամբ յօրինում է ապագայ թանգարանի նախագիծը, որը դժբախտաբար մնում է անկատար, սակայն դա կարեւոր առիթ էր ճարտարապետի համար առնչուելու հայ հին ճարտարապետութեանը եւ իր հայկական արմատներին։
* * *
Սանկտ Պետերբուրգի մշակոյթի եւ մտաւորական շրջանակներում արդէն ճանաչում ստացած Ալեքսանդր Թամանեանը վերոյիշեալ Ս. Եկատերինա Հայոց եկեղեցում 1908-ին պսակադրւում է ազնուազարմ գեղեցկուհի Կամիլլա Էդուարդս-Բենուայի հետ։
Կամիլլայի հայրը՝ Մաթիու Էդուարդսը Անգլիացի էր, իսկ մայրը՝ ֆրանսացի անուանի ճարտարապետ Նիկոլա Բենուա ընտանիքից։ Ուսանող տարիներին Ալեքսանդրի դասընկերներից էին Կամիլլայի Եւգենի եւ Նիկոլա Լանսերէ զարմիկները, որոնց միջոցով նա ծանօթանում է Կամիլլայի հետ։
Ինչպէս յայտնի է 1789-ի ֆրանսական յեղափոխութիւնից յետոյ ազնուական շատ ընտանիքներ հաստատուեցին Ռուսաստան, յատկապէս մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։ Կամիլլայի նախահայրերից Լուի Ժիւլ Սեզար Աւգուստ Բենուան եւս 1794-ին գալիս է Սանկտ Պետերբուրգ։
* * *
19-րդ դարասկզբի Ռուսաստանի քաղաքական բարդ իրավիճակների մթնոլորտի մէջ, դիւրին չի եղել մեծ ճարտարապետի ստեղծագործ ուղին, սակայն նրա երջանիկ ամուսնութիւնը խթան ու սփոփանք է եղել՝ ապրելու եւ արարելու։ Նա իր պատուաւոր տեղն է ունեցել Ռուսաստանի առաջատար ճարտարապետների՝ Ա. Շչուսեւի, Վ. Շչուկոյի, Ի. Ֆոմինի եւ միւսների շարքում, որոնք պայքար էին մղում ընդդէմ էկլեկտիզմի՝ յանուն դասական ճարտարապետութեան եւ նորի ներդաշնակ համադրման։
Այս առումով նշանաւոր են թամանեանական կառոյցները Սանկտ Պետերբուրգ, Մոսկուա, Ցարսկոյէ Սելօ, Օրիոլ եւ Ռուսաստանի այլ քաղաքներում։ Առաւել յիշարժան են Իշխան Կոչուպէյի առանձնատունը (1912, Ցարսկոյէ Սելօ) Իշխան Շչերբատովի մենատուն-պալատը (1913, Մոսկուա), «Ռոմանովների Տան» 300-ամեակին նուիրուած ցուցահանդէսի խոշոր համալիրը (1913, Եարոսլավլ) եւ այլն։
Թամանեանական այս բոլոր կառոյցները առանձնանում են ռուս դասական ճարտարապետութեան բազմազան տարրերի շքեղ համադրումով, որոնցից Շչերբատովի ամպիր ոճով մենատան համար 1914-ին Նիկոլայ 2-րդ ցարը Թամանեանին պարգեւատրում է Ոսկէ մեծ մետալով։
Նոյն 1914-ին Թամանեանը ընտրւում է կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1917-ին՝ Գեղարուեստից ակադեմիայի խորհրդի փոխնախագահ։
Կարեւոր է նշել, որ ցարական Ռուսաստանում Թամանեանի առաջարկով 1917-ին ստեղծուեց Մշակոյթի գործիչների միութիւն, որ խանդավառութեամբ ընդունուեց ժամանակի ռուս անուանի մտաւորականների՝ Ալեքսանդր Գլազունովի, Իլիա Ռեպինի, Լէոնտի Բենուայի, Ֆէոդոր Շալիապինի, Մաքսիմ Գորկու, Լէոնիդ Անդրեւի եւ ուրիշների կողմից։ Միութեան մէջ անմիջապէս ընդգրկւում են շուրջ 200 գեղագիտական ընկերութիւններ՝ համապատասխան բաժանմունքներով։
* * *
Սակայն ճակատագիրը անողոք է եղել մեծ ճարտարապետի հանդէպ…։ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը Ռուսաստանում եկել էր քանդելու եւ ոչնչացնելու ամէն ինչ…։ 1918 Ապրիլին Սովնարկոմի որոշմամբ լուծարքի են ենթարկւում մշակոյթի բազմաթիւ հաստատութիւններ, ի դերեւս դարձնելով նաեւ Թամանեանի ծրագրերը։
Ի՞նչ ասել… այս դէպքում գուցէ չկայ չարիք առանց բարիք։ Տարիներ ի վեր ապրելով ու գործելով Ռուսաստանում, ճարտարապետի մշտական երազանքն էր ապրել ու ստեղծագործել նախնեաց երկրում։
1918 Մայիսին Հայաստանը անկախ երկիր հռչակուելով կարիք ունէր մեծ օգնութեան։
1919 ամռանը հրաժեշտ տալով Պետրոգրադին, ակադեմիկոս Թամանեանը ոտք է դնում հայրենի հողի վրայ, որը սովի եւ թշուառութեան մէջ էր։ Սակայն հակառակ տիրող ծանր իրավիճակին՝ ճարտարապետը անմիջապէս գործի է լծւում ստեղծելու խղճուկ մայրաքաղաքի գլխաւոր յատակագիծը, ապա՝ հիւանդանոցներ, գործարաններ, մշակոյթի կենտրոններ եւ այլն…։
Սակայն նոր արհաւիրք…։ 1920 Նոյեմբեր 29-ին իշխանութիւնը գրաւեցին բոլշեւիկները։ Նորից ի՞նչ անել….։ Նորաստեղծ Հանրապետութեան ընտրանին (Յովհաննէս Քաջազնունի, Սիմոն Վրացեան, Նիկոլ Աղբալեան…) այդ թւում նաեւ Ալեքսանդր Թամանեանը 1921-ին ստիպուած էին հեռանալ երկրից…։ Հեռանալ, բայց ինչպէ՞ս…, ցուրտ, սով, բռնութիւն։
Սպարապետ Գարեգին Նժդեհը ճանապարհ էր որոնում Պարսկաստանի միջոցով փրկել գոնէ երկրի սերուցքը։ Ցուցակի մէջ առաջին հերթին Թամանեան ընտանիքն էր՝ կինը, 12-ամեայ Մարիան, 11-ամեայ Գէորգը եւ 8-ամեայ Վարվառան։ Երկար, դժուարին ճանապարհ…։ Փոխադրամիջոց չկայ…։ Պէտք է Արաքսը հատել Պարսկաստան հասնելու համար։
Առաջին Հանրապետութեան զինուորական կոմիսար Ռուբէն Տէր Մինասեանը ելք է որոնում օգնելու…։ Ի վերջոյ, մեծ ջանքերով նա երկու մակոյկ է ձեռք բերում Թամանեանների համար։ Մէկի մէջ տեղաւորում է Կամիլլան՝ որդու հետ, միւսի մէջ՝ Թամանեանը երկու դստեր հետ։
Պարսկաստան հասնելուն պէս Թամանեանը շուտով առաջարկ է ստանում Պարսիկներից վերակառուցելու Թաւրիզի գլխաւոր պողոտան…։
Սակայն նոր դժբախտութիւն…։ Թամանեանները այստեղ 1921-ին կորցնում են իրենց աւագ դուստր՝ Մարիային։ Թերեւս ի սփոփանք 1922-ին ծնւում է նրանց վերջին զաւակը, որին՝ ի յիշատակ Բենուա նախնիների, անուանում են Յուլիոս (Jules)։
Սեդա Անանեան
«Նոր Յառաջ»
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ