Իրանի խորհրդարանը շուտով նոր օրենք կընդունի, որով Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարներ կգանձվեն։ Պատգամավոր Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ Իրանը լիովին վերահսկում է այս ջրային ուղին, և նավերի անվտանգությունն ու սպասարկումը այսուհետ կիրականացվեն հատուկ տուրքերի դիմաց։ Այս մասին հայտնում է SNN հեռուստաալիքը։
«Մենք լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Շուտով այս ջրային ճանապարհը կկառավարվի նոր համակարգով, երբ Մեջլիսը ընդունի օրինագիծը։ Նավերի անվտանգությունն ու ծառայությունները կապահովվեն օրինագծով սահմանված [նեղուցով անցնելու համար] վճարների միջոցով», – Բորուջերդիի խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը։
Այս որոշումը հաջորդել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններին, որոնց ժամանակ հարվածներ են հասցվել նաև Թեհրանին։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմակայանների վրա։
Իրանը նաև որոշել է փակել նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց աջակցող երկրների նավերի համար։ Հակամարտության ընթացքում արդեն իսկ մի քանի տանկերներ ենթարկվել են հարձակման՝ առանց թույլտվության նեղուցն անցնելու փորձի պատճառով։ Իսկ մարտի 25-ին արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը թույլատրել է միայն բարեկամ երկրների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի նավերի անցումը։