image

Մահացել է ամենահայտնի հայ իմպրեսարիոն՝ Շառլ Ազնավուրի եւ բազմաթիվ աստղերի մտերիմ հայը ․ Լուսանկարներ

Մահացել է ամենահայտնի հայ իմպրեսարիոն՝ Շառլ Ազնավուրի եւ բազմաթիվ աստղերի մտերիմ հայը ․ Լուսանկարներ

«Արեւելք»-ի տեղեկություններով, 93 տարեկանում Լիբանանում մահացել է համերգային նշանավոր գործակալ, «Իմպրեսարիո» մականունով համերգային աշխարհում ճանաչված մշակութային գործիչ Թորոս Սիրանոսյանը։

Սիրանոսյանը ծնվել է Լիբանանում, մասնագիտական կրթություն ստացել հյուրանոցային եւ ռեստորանային ասպարեզում գործելու համար։ Այնուհետեւ ուսումը շարունակել է Շվեյցարիայում՝ ստանալով խոհարարապետի աստիճան։

Վերադառնալով ծննդավայր՝ Բեյրութում ստեղծել է «EPI Club» գիշերային ակումբը (1961–1976), որը փակվել է լիբանանյան քաղաքացիական պատերազմի պատճառով։ Թորոս Սիրանոսյանը կազմակերպել է բազմաթիվ միջազգային եւ տեղական երաժշտական փառատոներ, որոնց մասնակցելու համար Լիբանան եւ արաբական այլ երկրներ է հրավիրել նշանավոր երգիչների՝ Շառլ Ազնավուր, Խուլիո Իգլեսիաս, Դեմիս Ռուսոս, Միրեյ Մատյո եւ այլ հայտնիներ։

Քաղաքացիական պատերազմի տարիներին համերգների եւ մշակութային միջոցառումների կազմակերպման համար ներկայացուցչություններ է ունեցել Սիրիայում, Հորդանանում, Իրաքում, Իրանում, Քուվեյթում, Արաբական Էմիրություններում եւ Եգիպտոսում։

1987-ին Սիրանոսյանը Լիբանանում հիմնադրել է «La Maison de l’Artiste Libanais» գործակալությունը՝ աջակցելու տեղական արվեստագետներին։  2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ «Ուիլյամ Սարոյան» մեդալով՝ հայ մշակույթում եւ արվեստի աշխարհում ունեցած ներդրման համար։

Արաբական թերթերը լայնորեն անդրադարձել են Սիրանոսյանի մահվանը՝ նշելով, որ նա մեծ դերակատարություն է ունեցել Մերձավոր Արեւելքի երգիչների միջազգային ճանաչման եւ եւրոպական աստղերին արաբական աշխարհ բերլու գործում։ 

Բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը, մերձավորարեւելյան երկրներում իրենց համերգների կազմակերպումը տարիներ շարունակ վստահել են Թորոս Սիրանոսյանին։ Ազնավուրը նաեւ ջերմ ընտանեկան հարաբերություններ է ունեցել Սիրանոսյանի հետ, հյուրընկալվել Բուրջ Համուդի նրանց տանը։  Սիրանոսյանը միաժամանակ կազմակերպել է արաբական աստղերի համերգները՝ եւրոպական եւ աշխարհի այլ երկրներում։ 

Շառլ Ազնավուրը Բուրջ Համուդում, Թորոս Սիրանոսյանի բնակարանում 

Ֆեյրուզի եւ Մատյոյի հետ

Մատյոյին ուղեկցել է Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժիեի տուն

Միրեյ Մատյոյի հետ

Դեմիս Ռուսոսի հետ

Ռեյ Չարլզի հետ

Օմար Շարիֆի հետ

 «Լիբանանի ձայնը»  հռչակված Ուադիհ էլ Սաֆիի հետ

Ժիլբեր Բեկոյի հետ