Օրերս Թեհրանի մէջ տեղի ունեցած է Իրանի հայկական համայնքի նուիրեալ անդամներէն՝ Հրաչ Զարիֆեանի նուիրուած յուշ երեկոյ մը։
Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ ՝ՀՄԱԿ.-ի Հանրութեան հետ կապի
Թելեկրամեան ալիքէն։
Ստորեւ ներկայացուած թղթակցութիւնը։
ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչութիւնը Կազմակերպութեան վաստակաւոր ու սիրւած արարատական,
ազգային հասարակական գործիչ ընկեր Հրաչ Զարիֆեանի անթառամ յիշատակը մեծարելու նպատակով կեանքի կոչեց յանձնախումբ, Մեծարման երեկոյ կազմակերպելու նպատակով։
Ուրբաթ, յունիսի 14-ի երեկոյեան «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում հանգուցեալի կնոջ՝ լիդա Նահապետեան Զարիֆեանի,
հարազատների, Կենտրոնական վարչութեան ու մեծ թւով միութենականների ներկայութեամբ տեղի ունեցաւ ծրագիրը։
Սկաուտական միութեան դրօշակագարդը թմբկահարների ընկերակցութեամբ ծածանեց Կազմակերպութեան դրօշը։
Սկաուտ Առաջնորդ Էլին Սարգսեանը ընթերցեց միութեան խօսքը։
Մեծարման յանձնախմբի նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանն ընթերցեց Կազմակերպութեան խօսքը, որը և ընթերցւել էր յուղարկաւորութեան օրը Երևանում։
Ցուցադրւեց ԱՄՆ-ում ՀՄԸՄ-ի Գլէնդէլի Արարատ մասնաճիւղի յուշերեկոյի համար պատրաստւած տեսաերիզը, որի խօսքը վաստակաւոր միութենական՝ Արմենուշ Առաքելեանի գրչին էր պատկանում իսկ նկարները Հրաչի արարատական ընկերների միջոցով էր հաւաքագրւել ու տեսաերիզ պատրաստւել։
Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ ելոյթ ունեցաւ երկու՝ Վուշ վուշ Գրիգոր Սիւնիի և Տէր կեցցոյ դու զհայս Մակար Եկմալեանի երգերով։
Ասմունքեց սկաուտ Դեր խմբապետ Վանէ Տէր Ղազարեանը «Մենք»-ը Գէորգ Էմինից։
Օրւայ հաղորդավար ընկեր Արտոյտ Զոհրաբեանը Հրաչին ներկայացնելու գեղեցիկ նշումներով այսպէս բնութագրեց Հրաչին՝
«Ոչ մի պաշտօն կամ կոչում չկայ, որ հաւասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»
Ապա ՀՅԴ Թեհրանի շրջանի ԿԿ-ի օրւայ առիթով խօսքը, ընթերցեց Նայիրի Թովմասեանը։
Մեներգեց ընկեր Մեղեդի Եղնազարեանը Քաչինիի
Աւէ Մարիան։
«Կապոյտ թռչուն» պարը Սրբուհի Բաբայեանի բեմադրութեամբ ներկայացրեց «Արարատ» պարախմբի Ուսուցչական կազմը։
Խմբի Աւագ ուսուցիչն է Լինէթ Սարգսեանը, Ուսուցիչը՝ Ալմարա Շամիրեանը։
Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանն արտայայտւեց օրւայ առիթով,
որից յետոյ Էկրանին ցուցադրւեց Հանգուցեալի որդի՝ ընկեր Ռազմիկ Զարիֆեանի յղած յուզումնալից արտայայտութիւնները։
Վերջում ցուցադրւեց ընկեր Կարէն Մնացականեանի միջոցով պատրաստւած գեղեցիկ տեսաերիզը, որի բովանդակութիւնն ինքը յոբելեարն էր, Արարատը զանազան շրջաններում ներկայացման պահերին։
Ինչ խօսք, հաղորդավարը սրահում խորապէս յուզւած ներկաներին, ափսոսանքի բառերով հրաժեշտ տւեց միայն ֆիզիքապէս հեռացած ընկերոջ հոգուն խաղաղութիւն մաղթելով ու վկայելով, որ իր աշխատասիրութիւնը, նպատակասլացութիւնը,
հայրենասիրութիւնը, ընկերասիրութիւնը և բազմաթիւ մարդկային արժանիքները, վարակիչ պիտի լինեն բոլորիս մօտ։
Յանձնախումբը նաև ընկեր Հրաչի աշխատանքային և անհատական նկարներով պատրաստել էր ցուցահանդէս և տեղադրել աւանդական սկաուտական թոկով ու փայտերով ամրացւած եռափայտերի վրայ։
Ընդունելութիւնը կազմակերպւել էր Երէցների միութեան միջոցով։
Սիրելի ընկեր Հրաչ
Գնաս յաւերժի ճամբով
Մնաս լոյսերի ու արքայութեան մէջ,
Քեզ երբէք չենք մոռանայ։