ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐԻՆ
27 սեպտեմբեր 2021թ.
Ենթակա է անհապաղ հրապարակման
2020թ. սեպտեմբերի 27-ին հայկական աշխարհը բախուեց Հայրենիքի ազգային անվտանգութեան պահպանման խնդրին: Ճակատագրական այդ օրից ի վեր, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները բազմաթիւ փորձութիւնների միջով են անցնում: ՀԲԸՄ-ն մաղթում է նրանց տոկունութիւն և մխիթարանք Արցախեան երկրորդ պատերազմից ապաքինուելու դժուարին ճանապարհին։
Մտորելով այս վշտալի իրադարձութեան մասին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանն ասել է. «Այս օրն, անկասկած, կը յիշուի որպէս հայոց պատմութեան տխուր էջերից մէկը: Բայց այսօր ՀԲԸՄ-ն կեդրոնանում է այն մարդկանց վրայ, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանութիւններին: Մեր մտքերը նաեւ այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել և շարունակում են լինել պատերազմական յանցագործութիւնների զոհ՝ այդ թւում նաև պատերազմի գերիները, որոնք դեռ պահւում են միջազգային եւ մարդու իրաւունքների կոպիտ խախտմամբ:
Յարգելով մեր բոլոր քաջ նահատակների յիշատակը, որը մշտապէս վառ կը մնայ ողջ հայ ազգի յիշողութեան մեջ՝ մենք մեր սրտերում ամուր ենք պահում նաև ծանր վիրաւորում ստացած մեր հերոսներին»:
Միեւնոյն ժամանակ ՀԲԸՄ-ն արժեւորում է ճգնաժամի մեջ գտնուող հայերին աջակցելու հայկական համերաշխութեան խոր զգացումը, որը դրսեւորուել է սփիւռքի մեր նուիրատուների, կամաւորների, աջակիցների, գործընկերների եւ ընկերների կողմից:
Միասին նրանք իսկապէս մարմնաւորում են ՀԲԸՄ-ի յաւերժական կարգախօսը՝ «Միութիւնը զօրութիւն է»:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել