Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներու ընթացքին բացի բնակութեան եւ քոմունալ ծախսերու համար նախատեսուած գումարներէն, Արցախէն տեղահանուածներուն պետական պիւտճէէն պիտի յատկացուի 50 հազարական դրամ: Այդ մասին դիմատետրի իր էջին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մեր քոյրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցութեան նոր ծրագիր: Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակութեան եւ կոմունալ ծախսերի համար նախատեսուած գումարներից, պետական բյուջէից իւրաքանչիւրին կը յատկացուի 50 հազարական դրամ: Բացառութիւն կը լինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիւների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակւում են պետութեան յատկացրած կացարաններում կամ գտնւում են պետութեան խնամքի ներքոյ»,- գրած է ան։
Ան յայտնած է, որ յառաջիկայ օրերուն կառավարութիւնը պիտի մեկնարկէ Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուածներու բնակարանային ապահովման երկարաժամկէտ աջակցութեան հարցերու քննարկումները։
«Այսօր Հումանիտար կեդրոնի ժամը 16:00 եթերում մանրամասները կը ներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրեանը: Առաջիկայ օրերին կը սկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մեր քոյրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկէտ աջակցութեան հարցերի քննարկումները, որոնք առաւելագոյնս համադրուած կը լինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսուող նմանատիպ ծրագրերի հետ: Յոյս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մեր գործունակ քոյրերն ու եղբայրները առաջիկայ երկու ամսուայ ընթացքում Հայաստանում աշխատանք կը գտնեն: Կառավարութիւնն, ի հարկէ, հնարաւոր միջոցներով այս հարցում եւս կ՚աջակցի նրանց»,- ըսուած է Փաշինեանի գրառման մէջ։