image
Հրատապ լուրեր:

Իրանահայ լուսանկարիչ Հերբերտ Քարիմ-Մասիհիի «Հազարամյակների Իրան» պատկերագիրքը

 Իրանահայ լուսանկարիչ Հերբերտ Քարիմ-Մասիհիի «Հազարամյակների Իրան» պատկերագիրքը

Թեհրանի Իրանի ազգային բանկի թանգարանում տեղի է ունեցել իրանահայ ճանաչված լուսանկարիչ, վավերագրող և մշակութային ժառանգության հետազոտող Հերբերտ Քարիմ-Մասիհիի (Գրիգորյանի, հայտնի է նաև որպես Հերբերտ Գրեգ) «Հազարամյակների Իրան» գրքի հանդիսավոր շնորհանդեսը, հաղորդում է «Արաքսնյուզը» Աշխատությունը լույս է տեսել Իրանի ազգային բանկի աջակցությամբ։ Այն Իրանի պատմությանը, քաղաքակրթությանը, ճարտարապետությանն ու մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծավալուն պատկերազարդ ժողովածու է:

Թեհրանում ծնված Հերբերտ Քարիմ-Մասիհին իր բազմամյա գործունեությունը նվիրել է Իրանի պատմական հուշարձանների, ճարտարապետության և հնագույն վայրերի բարձրարժեք վավերագրմանն ու լուսանկարչությանը: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել հենց այս լայնածավալ աշխատանքի շնորհիվ: Որպես լուսանկարիչ-հետազոտող՝ նա աշխատել է Պերսեպոլիսում, իսկ նրա վավերագրած հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում այնպիսի նշանավոր վայրեր, ինչպիսիք են Պերսեպոլիսը, Շոշը, Չողա Զանբիլը, Բամի միջնաբերդն ու Խաջե լեռը:

«Հազարամյակների Իրան» գիրքը հեղինակի՝ երկրի պատմամշակութային ժառանգությունը լուսանկարներով անմահացնելու նախագծի արդյունքն է: Այն ընդգրկում է նախաիսլամական ժամանակաշրջանից մինչև Սեֆյանների դարաշրջանի պատմական հուշարձաններն ու մշակութային արժեքները: Հեղինակի խոսքով՝ որոշ պատմական կառույցներ արժանահավատորեն և ամբողջականությամբ պատկերելու համար ինքը տարվա տարբեր եղանակներին ամիսներ, երբեմն էլ տարիներ շարունակ վերադարձել է նույն վայրերը:

Գրքի հրատարակության առթիվ կատարած գրառման մեջ Քարիմ-Մասիհին նշել է, որ այս աշխատությունն իր հետ է եղել «երկար տարիներ», իսկ գրքի առաջին մասը նվիրել է Կյուրոս Մեծին։

Շնորհանդեսին ներկա են եղել Իրանի մշակույթի և արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ ու պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, հին մշակույթի և լեզուների հետազոտող Ժալե Ամուզգարը, ինչպես նաև Իրանի ազգային բանկի գլխավոր տնօրեն Մոհսեն Սեյֆին։