image

Տնօրենը պետք է ամեն ինչից գլուխ հանի. սիրիահայ վարպետ

Տնօրենը պետք է ամեն ինչից գլուխ հանի. սիրիահայ վարպետ

Հայկական արտադրության «ԱՎԱ» (Andranik-Vigen-Armenia) ֆիրմային կոշիկները երկու տարի է՝ երեւանյան շուկայում են: Նախկին «Մասիս» կոշիկի գործարանի տարածքում գործող «ԱՎԱ շուզի» (AVA SHOES) հիմնադիրները սիրիահայ Անդրանիկ Սաֆարն ու Վիգեն Դոլմողլյանն են: Դեռ 4 տարի առաջ Հալեպից Երեւան տեղափոխվելով՝ ընկերները որոշել են Հայաստանում հիմնել կոշիկի արտադրամաս ու հայ հաճախորդներին ներկայացնել նոր որակի կոշիկ: Գործունեության 2 տարիների ընթացքում «ԱՎԱ շուզը» հասցրել է ոչ միայն իր կայուն տեղը զբաղեցնել հայկական շուկայում, այլեւ արտահանման միջոցով հասնել Ռուսաստան. Ղազախստան, Բելգիա, Հոլանդիա եւ այլ երկրներ:

«Կոշիկի արտադրության մեջ ամենակարեւորը հարմարավետությունն ու որակն է: Նոր մոդել թողարկելուց առաջ նախ մի քանի օրինակ կարում, փորձարկում ենք, թերությունները շտկում, հետո միայն վաճառքի հանում»,- ասում է Անդրանիկ Սաֆարը:


 

«ԱՎԱ շուզի» կոշիկները կարվում են բնական կաշվից, որը ներկրվում է Թուրքիայից: Ընկերության հիմնադիրներն ասում են, որ մշտապես նոր գույների եւ ձեւերի մոդելներ են ստեղծում՝ խստապահանջ հայ հաճախորդներին գոհացնելու համար:

«Հայերն ուզում են, որ կոշիկը միաժամանակ եւ հարմար լինի, եւ որակով, եւ էժան»,- կեսկատակ, կեսլուրջ ասում է Անդրանիկը, ով Սաֆարների ընտանիքում կոշիկի արտադրությամբ զբաղվող երրորդ սերունդն է:

 

 


Գեւորգ Սաֆարը՝ որդու և գործընկերոջ հետ

 

«Դեռ 1950-ականներին հայրս Հալեպում հայտնի կոշկագործ էր, փայտից կոշիկի կրունկներ էր պատրաստում: Հետո որ ես 10-12 տարեկան տղա եղա, գնացի սկսեցի նրան օգնել: Հորիցս հետո էլ կոշիկի կաղապարների արտադրություն հիմնեցի Հալեպում»,- ասում է Անդրանիկի հայրը՝ Գեւորգ Սաֆարը, եւ ցույց տալիս երեք սերունդների գործունեությունը խորհրդանշող լուսանկարը:

Ընկերության հիմնադիրներից Վիգեն Դոլմողլյանը, ով նաեւ ընկերության հաշվապահն է, Հալեպում կոշիկի արտադրության համար անհրաժեշտ հաստոցներ էր պատրաստում եւ վաճառում:

«Գործն այնտեղ շատ լավ էր, այստեղի հետ չի համեմատվի. այնտեղ ոչ մի բանի մասին չէինք մտածում գործերի առումով… Բայց մեր հայրենիքը չէր, օտար ազգերի մեջ էինք ապրում»,- ասում է Վիգենը:


 

Վիգեն Դոլմողլյանը

 

Սիրիական պատերազմից հետո Հայաստան տեղափոխվելով՝ ընկերները որոշել են ոչ թե առանձին գործունեություն ծավալել, այլ միջոցներն ու փորձը համադրելով՝ զբաղվել կոշիկի արտադրությամբ: Ընդամենը 2 մոդելով  շուկա մտած «ԱՎԱ շուզն» արդեն հաճախորդներին է ներկայացնում շուրջ 150 տեսակի դասական եւ սպորտային ոճի կոշիկ:

 


 

Արտադրանքը սկզբնական շրջանում վաճառվել է երեւանյան խանութներում, հետագայում արդեն ներկայացվել Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում գտնվող ֆիրմային խանութ-սրահում;

«Ուրիշ խանութների հետ որ աշխատում էինք, նիսյա էին վերցնում, ուշացնում էին գումարները… Մինչեւ տալիս էին, մենք այդ սեզոնը կորցնում էինք: Հետո հասկացանք, որ ավելի լավ է մեր խանութն ունենանք. հիմա գիտենք՝ որ մոդելից ինչքան է վաճառվում, որ մոդելն ինչպես է ընդունվում մարդկանց կողմից»,- ասում է  Անդրանիկը:

Սեփական միջոցներով հիմնված ընկերության արտադրության ծավալները մեծացնելու եւ արտաքին շուկա դուրս գալու համար սիրիահայ երիտասարդները ստիպված են եղել վարկ վերցրել, ավելացրել ոչ միայն արտադրատեսակների, այլեւ ընկերության աշխատակիցների թիվը:


 

«Վարկը փակելու հարցում որոշ դժվարություններ ենք ունենում: Առհասարակ սկսնակ բիզնեսների համար այստեղ կայանալը դժվար է: Լավ կլիներ, որ ինչպես Սիրիայում է, այնպես էլ այստեղ սկսնակ բիզնեսմեններին առաջին 2-3 տարին ազատեին հարկերից, մինչեւ կկարողանային բիզնեսը կայացնել եւ շահույթ ապահովել,- ասում է Վիգենն ու նկատում՝ արտադրանքի հիմնական մասը սպառվում է արտերկրի շուկայում,- հայաստանցիների մեծ մասը գումար չունի,  ովքեր էլ ունեն, նախընտրում են բրենդային խանութներից օգտվել»:

«ԱՎԱ շուզի» հաջողության գաղտնիքը հիմնադիրները համարում են հետեւողական աշխատանքն ու արտադրանքի բարձր որակը: Ընկերության տնօրեն Անդրանիկ Սաֆարը նաեւ ձեւարարի գործն է անում, Վիգենին վստահված է հաշվապահի աշխատանքը:

«Տնօրենը պետք է  ամեն ինչից գլուխ հանի, մյուս աշխատողներին հավասար եւ նրանցից շատ աշխատի, որ գործը հաջողվի»,- համոզված են հիմնադիրները:

Չնայած ներդրվող ջանքերին եւ ֆինանսական միջոցներին՝ կոշիկի արտադրանքը դեռեւս եկամուտ չի ապահովում: Բայց Անդրանիկն ու Վիգենը չեն հուսահատվում. վստահ են՝ եկամուտը ժամանակի խնդիր է, առավել կարեւոր է հայրենիքում ապրելու եւ գործելու հնարավորությունը:

 

Տաթեւիկ Սարգսյան/«Արևելքին»