Հայկական արտադրության «ԱՎԱ» (Andranik-Vigen-Armenia) ֆիրմային կոշիկները երկու տարի է՝ երեւանյան շուկայում են: Նախկին «Մասիս» կոշիկի գործարանի տարածքում գործող «ԱՎԱ շուզի» (AVA SHOES) հիմնադիրները սիրիահայ Անդրանիկ Սաֆարն ու Վիգեն Դոլմողլյանն են: Դեռ 4 տարի առաջ Հալեպից Երեւան տեղափոխվելով՝ ընկերները որոշել են Հայաստանում հիմնել կոշիկի արտադրամաս ու հայ հաճախորդներին ներկայացնել նոր որակի կոշիկ: Գործունեության 2 տարիների ընթացքում «ԱՎԱ շուզը» հասցրել է ոչ միայն իր կայուն տեղը զբաղեցնել հայկական շուկայում, այլեւ արտահանման միջոցով հասնել Ռուսաստան. Ղազախստան, Բելգիա, Հոլանդիա եւ այլ երկրներ:
«Կոշիկի արտադրության մեջ ամենակարեւորը հարմարավետությունն ու որակն է: Նոր մոդել թողարկելուց առաջ նախ մի քանի օրինակ կարում, փորձարկում ենք, թերությունները շտկում, հետո միայն վաճառքի հանում»,- ասում է Անդրանիկ Սաֆարը:

«ԱՎԱ շուզի» կոշիկները կարվում են բնական կաշվից, որը ներկրվում է Թուրքիայից: Ընկերության հիմնադիրներն ասում են, որ մշտապես նոր գույների եւ ձեւերի մոդելներ են ստեղծում՝ խստապահանջ հայ հաճախորդներին գոհացնելու համար:
«Հայերն ուզում են, որ կոշիկը միաժամանակ եւ հարմար լինի, եւ որակով, եւ էժան»,- կեսկատակ, կեսլուրջ ասում է Անդրանիկը, ով Սաֆարների ընտանիքում կոշիկի արտադրությամբ զբաղվող երրորդ սերունդն է:

Գեւորգ Սաֆարը՝ որդու և գործընկերոջ հետ
«Դեռ 1950-ականներին հայրս Հալեպում հայտնի կոշկագործ էր, փայտից կոշիկի կրունկներ էր պատրաստում: Հետո որ ես 10-12 տարեկան տղա եղա, գնացի սկսեցի նրան օգնել: Հորիցս հետո էլ կոշիկի կաղապարների արտադրություն հիմնեցի Հալեպում»,- ասում է Անդրանիկի հայրը՝ Գեւորգ Սաֆարը, եւ ցույց տալիս երեք սերունդների գործունեությունը խորհրդանշող լուսանկարը:
Ընկերության հիմնադիրներից Վիգեն Դոլմողլյանը, ով նաեւ ընկերության հաշվապահն է, Հալեպում կոշիկի արտադրության համար անհրաժեշտ հաստոցներ էր պատրաստում եւ վաճառում:
«Գործն այնտեղ շատ լավ էր, այստեղի հետ չի համեմատվի. այնտեղ ոչ մի բանի մասին չէինք մտածում գործերի առումով… Բայց մեր հայրենիքը չէր, օտար ազգերի մեջ էինք ապրում»,- ասում է Վիգենը:
Վիգեն Դոլմողլյանը
Սիրիական պատերազմից հետո Հայաստան տեղափոխվելով՝ ընկերները որոշել են ոչ թե առանձին գործունեություն ծավալել, այլ միջոցներն ու փորձը համադրելով՝ զբաղվել կոշիկի արտադրությամբ: Ընդամենը 2 մոդելով շուկա մտած «ԱՎԱ շուզն» արդեն հաճախորդներին է ներկայացնում շուրջ 150 տեսակի դասական եւ սպորտային ոճի կոշիկ:

Արտադրանքը սկզբնական շրջանում վաճառվել է երեւանյան խանութներում, հետագայում արդեն ներկայացվել Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում գտնվող ֆիրմային խանութ-սրահում;
«Ուրիշ խանութների հետ որ աշխատում էինք, նիսյա էին վերցնում, ուշացնում էին գումարները… Մինչեւ տալիս էին, մենք այդ սեզոնը կորցնում էինք: Հետո հասկացանք, որ ավելի լավ է մեր խանութն ունենանք. հիմա գիտենք՝ որ մոդելից ինչքան է վաճառվում, որ մոդելն ինչպես է ընդունվում մարդկանց կողմից»,- ասում է Անդրանիկը:
Սեփական միջոցներով հիմնված ընկերության արտադրության ծավալները մեծացնելու եւ արտաքին շուկա դուրս գալու համար սիրիահայ երիտասարդները ստիպված են եղել վարկ վերցրել, ավելացրել ոչ միայն արտադրատեսակների, այլեւ ընկերության աշխատակիցների թիվը:

«Վարկը փակելու հարցում որոշ դժվարություններ ենք ունենում: Առհասարակ սկսնակ բիզնեսների համար այստեղ կայանալը դժվար է: Լավ կլիներ, որ ինչպես Սիրիայում է, այնպես էլ այստեղ սկսնակ բիզնեսմեններին առաջին 2-3 տարին ազատեին հարկերից, մինչեւ կկարողանային բիզնեսը կայացնել եւ շահույթ ապահովել,- ասում է Վիգենն ու նկատում՝ արտադրանքի հիմնական մասը սպառվում է արտերկրի շուկայում,- հայաստանցիների մեծ մասը գումար չունի, ովքեր էլ ունեն, նախընտրում են բրենդային խանութներից օգտվել»:
«ԱՎԱ շուզի» հաջողության գաղտնիքը հիմնադիրները համարում են հետեւողական աշխատանքն ու արտադրանքի բարձր որակը: Ընկերության տնօրեն Անդրանիկ Սաֆարը նաեւ ձեւարարի գործն է անում, Վիգենին վստահված է հաշվապահի աշխատանքը:
«Տնօրենը պետք է ամեն ինչից գլուխ հանի, մյուս աշխատողներին հավասար եւ նրանցից շատ աշխատի, որ գործը հաջողվի»,- համոզված են հիմնադիրները:
Չնայած ներդրվող ջանքերին եւ ֆինանսական միջոցներին՝ կոշիկի արտադրանքը դեռեւս եկամուտ չի ապահովում: Բայց Անդրանիկն ու Վիգենը չեն հուսահատվում. վստահ են՝ եկամուտը ժամանակի խնդիր է, առավել կարեւոր է հայրենիքում ապրելու եւ գործելու հնարավորությունը:
Տաթեւիկ Սարգսյան/«Արևելքին»