Արտասահմանյան ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ օրերս մահացած քարտուղարուհու՝ Մարիամ Ուոլոուի մահվան թեմային: Ինչպես հայտնի է՝ ոստիկանները Հռոմի Պապի «Սանտա Մարթա» նստավայրի 34-ամյա աշխատակցուհուն, որ յոթ ամսական հղի էր, օրերս մահացած են գտել իր տանը: Ոստիկանության սկսած հետաքննությունն առայժմ ոչ մի արդյունք չի տվել: Իտալական որոշ թերթեր «բժշկական բացթողում» են համարում Մարիամ Ուոլոուի մահը՝ նշելով, որ նա տառապում էր շաքարախտով և բժիշկների կողմից զգուշացում ուներ երեխա ունենալու վտանգի հարցում: Սակայն Մարիամ Ուոլոուն, որ բաժանված էր ամուսնուց, որոշել է զգալ մայրության բերկրանքը և հղիացել է: ԶԼՄ-ները չեն նշում, թե ով էր երիտասարդ կնոջ երեխայի հայրը, սակայն հարցաքննության են ենթարկվել նրա հետ երբևէ կապ ունեցած բոլոր մարդիկ՝ նախկին ամուսինը, Վատիկանի մեջ ծառայող անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկի հետ, ըստ ԶԼՄ-ների, կապի մեջ է եղել Հռոմի Պապի քարտուղարուհին: Որոշ լրատվամիջոցներ երիտասարդ կնոջ մահը սպանություն են համարում:
Մամուլը տարակուսանք է հայտնել նաև, թե ինչո՞ւ ոստիկանությունը դիակը հայտնաբերելուց հետո լուռ է մնացել և միայն «Il Messaggero» թերթի հաղորդած լուրից հետո է հաստատել տեղի ունեցածը:
Թերթերը նաև նշում են, որ «Սանտա Մարթայի» հավատարիմ աշխատակցուհուն շատ լավ են ճանաչում Հռոմի Պապի հյուրերը, որոնց ընդունում և ճանապարհում էր Մարիամ Ուոլոուն: Նա «Սանտա Մարթա» հյուրերի նստավայրի երկարամյա աշխատակցուհին էր, ծագումով՝ էրիթրեացի:

«Սանտա Մարթա» նստավայրը
Հռոմի Պապն իր ցավակցություններն է հայտնել աշխատակցուհու մահվան առթիվ: independent-ը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Հռոմի Պապը հոգեհանգստյան աղոթք է կատարում և ճերմակ վարդեր դնում իր աշխատակցուհու աճյունի մոտ:

