Վերջերս Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ մկրտվել է Մարմաշեն և Մայիսյան բնակավայրերի 100 բնակիչ: Այդ օրինակով Սրբազանի ձեռամբ հավաքական մկրտություններ են կատարվել նաև Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: «Արևելքի» հարցազրույցը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Սուրբ Հակոբ» եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի հետ.
-Տեր հայր, տեղյակ ենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում վերջերս բազմաթիվ երեխաների սուրբ մկրտության արարողություն տեղի ունեցավ, ի՞նչ նախաձեռնություն էր այդ, կարո՞ղ եք մանրամասնել:
-Մենք այս մկրտությունն արեցինք Շիրակի մարզի օրինակով, ուր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ հարյուրավոր մարդիկ մկրտվեցին: Երբ առաջնորդարան դիմեցինք, ստացանք թույլտվությունը, ապա մենք էլ նույն բարեգործական ձեռնարկը այստեղ իրականացրեցինք: Առաջին փորձը օրեր առաջ եղավ, շուրջ 41 հոգի մկրտվեցին, մկրտություն եղավ նաև Սուրբ Հակոբի անվանակոչության օրը, բայց սա լինելու է շարունակական: Դեկտեմբեր ամսին լինելու են էլի մկրտություններ:

-Տեր հայր, իսկ երեխաներն ինչպե՞ս են ընտրվում:
-Մենք մեր եկեղեցում՝ «Սուրբ Հակոբ»-ում կիրակնօրյա դպրոց ունենք: Մոտ երկու տարի է՝ ես երեխաներին էլ եմ ասել, ուսուցչուհուն էլ եմ խնդրել, որ խոսի ծնողների հետ, առաջարկելով դասընթացների մասնակիցներից չկնքված երեխաներին մկրտել: Բայց մինչև հիմա արձագանք չկար: Այս անգամ առաջնորդարանը առաջարկեց, որ մկրտենք հատկապես նրանց, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են գտնվում:

-Այսինքն մինչև հիմա չկնքված երեխաները հիմնականում չքավոր ընտանիքների՞ց էին, դա՞ էր պատճառը, որ մկրտված չէին:
-Մեծ մասամբ՝ այո: Քանի որ կամ կնքահայր չունեին կամ կնքահայրը բացակայում էր Հայաստանից, ընտանիքները անապահով վիճակում են գտնվում: Բայց մենք առաջարկեցինք իրենց համար կնքահայր ընտրել, ասելով, որ պարտադիր է, որ ամեն ընտանիք իր կնաքահայրը՝ քավորն ունենա, և Փառք Աստծո, եկան, և մենք 41 հոգու այդպես մկրտեցինք: «Ձորակ» խնամքի կենտրոնում ֆիզիկական և մտավոր արատ ունեցող երեխաներ, կանայք են գտնվում, նրանց էլ տնօրեն Սամվել Խաչատրյանը բերեց, մկրտեցինք, սրբազանի կողմից խաչեր, շղթա և նարոտ հանձնեցինք:
Ասեմ, որ բոլոր մկրտվողների ծախսերը Արիս արք. Շիրվանյան սրբազանն է հոգում՝ սրբիչը, խաչը և այլ իրեր տրամադրվում են: Երեխաների ծնողներից ոչ մի դրամ չի գանձվում, մկրտությունից հետո էլ վկայական է տրվում:
Մենք թաղապետարանի միջոցով նաև դպրոցներում, մանկապարտեզներում ենք հայտարարել, որ այն երեխաները, որոնք կնքված չեն, դիմեն և քրիստոնեական ծեսով մկրտության կարգ անցնեն: Հուսամ՝ արձագանքներ կլինեն:

-Տեր հայր, երկար տարիներ է, ինչ Դուք ծխատեր քահանա եք, Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ ընտանիքներում մկրտությունը դեռևս հաստատուն ավանդույթ չի դարձել:
-Հիմնականում՝ նյութական հարցերի պատճառով: Ամեն անգամ, երբ խոսք է լինում, ասենք, չորս, հինգ երեխա ունեցողներն ասում են՝ հիմա այդքան ծախս չանենք, բոլորին միասին կմկրտենք մի օր: Բայց ես էլ ասում եմ՝ եթե Աստված միանգամից լույս աշխարհ բերեր նրանց, այո՛, բայց նրանք առանձին են ծնվել, ուրեմն առանձին-առանձին պիտի մկրտվեն, յուրաքանչուրը՝ իր պահին: Հուսամ, որ բոլոր մանուկներն իրենց մկրտության կարգը ըստ մեր եկեղեցու ավանդության կանցնեն, և սա այլևս խնդիր չի լինի ընտանիքներում:

