image

Հալեպահայ գորգավաճառը վճռել է մինչև կյանքի վերջը մնալ Հայաստանում

Հալեպահայ գորգավաճառը վճռել է մինչև կյանքի վերջը մնալ Հայաստանում

Երկուշաբիից ուրբաթ օրերին սիրիահայ Նազար Արոյանին կարելի է գտնել Վերնիսաժում: 45 տարի է՝  պարոն Նազարը պարսկական գորգերի վաճառքով է  զբաղվում:

-Սիրիայում ալ այս գործին էի, -ասում է Նազար Արոյանն ու ցույց տալիս 100 տարվա վաղեմություն ունեցող գորգը,- ասիկա  պարսկական ոճով է, բնական ներկ է: Այս մյուսն ալ հայկական ոճով է…

Իր գորգերը Հալեպում նա վաճառել է հայտնի Sheraton  հյուրանոցում եւ Հալեպի Քառասուն Մանուկ եկեղեցու թաղը գտնված իր խանութում:

61-ամյա Նազար Արոյանը Հալեպից Երևան 7 ամիս առաջ է տեղափոխվել: Հալեպում հայրական տունը ռմբակոծության ենթարկվելուց հետո երկար չի մտածել, որոշել է անհապաղ հայրենիք գալ:

-Ես ուրիշներուն պես չեմ մտածեր՝ Ֆրանսիա գնալ, Ամերիկա գնալ: Կտեսնես՝ անունը Հակոբ է, ինքը հայ է, բայց հայերեն չի խոսիր, անգլերեն կխոսի: Հալեպ շատ զորավոր էր մեր մշակույթը, անոր համար որոշումս այս էր՝ որ ես, տիկինս, 94 տարեկան մայրս գանք Երեւան,- ասում  է նա:

Հայրենիքում հաստատվելու որոշումը Նազար Արոյանն արդեն ամրագրել է՝ Երևանում սեփական տուն է գնել, որոշել՝ մինչ  մահ այստեղ է ապրելու:

-Կառնեմ, կծախեմ, գումար կաշխատիմ, կապրինք,- ասում է նա:

Սիրիահայերի համար դժվարությունները Հայաստանում քիչ չեն, սակայն Նազար Արոյանը հոժարությամբ է տանում դրանք, ասում է՝ այն, ինչ Հալեպում է տեսել, շատ բան սովորական է դարձրել իր համար:

Սրտնեղում է մի  բանից միայն, որ շաբաթ-կիրակի Վերնիսաժում վաճառք իրականացնելու համար սիրիահայերին տեղ չեն հատկացնում:

-Շաբթվա ընթացքում գործերը շատ տկար են: Տուրիստները շաբաթ-կիրակի կուգան, մենք ալ եթե այնտեղ չենք, չենք կարող վաճառել, որովհետեւ տեղացիները չեն գներ, չափազանց թանկ են տեղացիների համար,- ասում է Նազար Արոյանը,- Վերնիսաժում ալ մեզի կըսեն՝ 30 տարի է, 25 տարի է այս մարդիկ այստեղ կկանգնին, տեղ չկա…

Սիրիահայ Նազար Արոյանին հայրենիքում ապրելու, աշխատելու եւ վաստակելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը շաբաթ-կիրակի Վերնիսաժում աշխատելու հնարավորություն, որը չունի...

 

Տաթևիկ Սարգսյան/«Արևելքին»