Երեւան-Սեւան ճանապարահին այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարին զոհ է գնացել 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, որը, ըստ news.am-ի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում:
Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասպարյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է:
Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ: Ըստ տեղեկությունների, Mercedes Benz մեքենան ուսանողների էր տեղափոխում մայրաքաղաք: