image

Գեներալ Նազո Գաբրիելյան. Պատիվ ունեմ Հայաստանի և Արցախի համար

Գեներալ Նազո Գաբրիելյան. Պատիվ ունեմ  Հայաստանի և Արցախի համար

Սփյուռքի հայ գեներալները շարունակում են արձագանքել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: «Արևելքի» խնդրանքով Լիբանանի բանակի գեներալ Նազո Գաբրիելյանը, մեկնաբանելով Կոմանդոսի կոչը, ասաց.

 

«Դժբախտաբար դրսում ապրող գեներալները տեսականորեն են ծանոթ այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում, տեղում մենք գործնականորեն ծանոթ չենք, մանավանդ գյուղական, դաշտային դիրքերին: Պետք է նախ ծանոթանանք, ուսումնասիրենք:

Անշուշտ, Հայաստանը օգնության կարիք ունի նաև ռազմական ոլորտում, թերևս պետք է ռուսական մարտավարությունը համադրել ամերիկյանի հետ և ավելի մեծ հաջողությունների հասնել: Ես տիրապետում եմ ամերիկյան մարտավարական սկզբունքներին, միշտ առաջնագծում եմ եղել, միշտ հաջողություններ ենք ունեցել, մեր փորձառությունն էլ անպայման պետք կգա Հայաստանին: 

Իբրև հայ զինվորական, հայ ժողովրդի հետ եմ, արյանս մեջ է հայությունը, չնայած միշտ օտար պատերազմների եմ մասնակցել, հինգ անգամ էլ վիրավորվել եմ:

Արդեն մեկ ամիս է պաշտոնաթող եմ եղել, և կարծում եմ ճիշտ ժամանակն է հայրենիքին օգնելու, թերևս ժողով անեն, մեզ հավաքեն, միայն կոչով չէ: Կոնկրետ Լիբանանում արդեն երեք պաշտոնաթող գեներալ կա, որոնք կարող են գալ Հայաստան, մյուսները ծառայում են դեռ: Ինքս անձամբ պատիվ ունեմ Հայաստանի և Արցախի համար»