image

Ֆեյրուզը մասնակցում է որդու հոգեհանգստին․ Լիբանանը հրաժեշտ է տալիս իր տաղանդավոր զավակին

Ֆեյրուզը մասնակցում է որդու հոգեհանգստին․ Լիբանանը հրաժեշտ է տալիս իր տաղանդավոր զավակին

Երկու օր առաջ Լիբանանում մահացել է տաղանդավոր արվեստագետ, դրամատուրգ, երաժիշտ, գրող Զիադ Ռահբանին՝ համաշխարհային համբավ ունեցող երգչուհի Ֆեյրուզի նույնքան համբավավոր որդին։ 

Ռահբանի նշանավոր ընտանիքի զավակը մահացել է 69 տարեկանում։

Լիբանանն այսօր հրաժեշտ է տալիս արվեստագետին։ Մինչ այսօր ողջ երկիրը շունչը պահած սպասում էր, թե 90-ամյա երգչուհին (որ գրեթե անկողնային ռեժիմով է ապրում) կմասնակցի՞ արդյոք որդու հուղարկավորությանը։ Ֆեյրուզը վերջին անգամ հանրության աչքին երեւացել էր 2020-ին, երբ Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Լիբանան էր այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը եւ օդանավակայանից նախ ուղեւորվել նրա տուն՝ հանդիպելու համաշխարհային աստղին։  

Այսօր արդեն լիբանանյան կայքերում հայտնվել են առաջին լուսանկարները, թե ինչպես է 90-ամյա երգչուհին դստեր՝ Ռիմայի ուղեկցությամբ մտնում եկեղեցի, որտեղ կատարվելու է Զիադ Ռահբանիի հոգեհանգստյան արարողությունը։

Բիքֆայա-Մհեյդեհեի Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Ֆեյրուզն իր կարմիր մազերի փայլը ծածկել է սեւ գլխաշորով, աչքերը՝ մուգ ակնոցով, 90 տարեկան մոր անխռով ու հանդարտ տեսքը  վերագրում են տարիքին, մինչդեռ ոչ ոք չգիտի, թե հակամարտություններով լի Ռահբանիների ընտանիքում, որտեղ հարաբերությունները միշտ լարված են եղել, ինչ խռովություններ են եղել վերջին շրջանում․․․

Զիադ Ռահբանիի մահը մեծ կորուստ են համարում արաբական բոլոր շրջանակները, որոնք Զիադի արվեստի միջոցով գերազանց կերպով տեսել են արաբ մարդու ներաշխարհը՝ լի տագնապներով, պայքարով, քաղաքական եւ սոցիալական խնդիրների պատճառով մասնատված ու վերածնված։ 

Մինչ նրա ծնողները՝ երաժիշտ Ասի Ռահբանին եւ երգչուհի Ֆեյրուզը նպաստել են լիբանանյան երաժշտական թատրոնի ոսկե դարաշրջանի կերտմանը, Զիադ Ռահբանին բեմ է բարձրացել խիզախ ու գաղափարական երգիծանքով, անսասան քաղաքական քննադատությամբ՝ համեմված ջազով եւ թատրոնով․ նրա արվեստն արտացոլում էր ինքն իր հետ պատերազմող Լիբանանի քաոսն ու հակասությունները։

Նրա «Նազլ էլ-Սուրուր» (Երջանկության հյուրանոց) պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականին, երբ նա ընդամենը 17 տարեկան էր։ Այդ համարձակ դեբյուտով Ռահբանին բացահայտել է իր մնայուն թեման. այն, որ լիբանանյան հասարակությունը մասնատվել է ոչ միայն պատերազմից, այլեւ՝ արմատացած իշխանությունից։

Զիադ Ռահբանին ստեղծագործում էր անվերջ, գրավում հազարավոր սրտեր՝ արաբական բոլոր երկրներում, ինչպես իր մայրը՝ Ֆեյրուզը,  որը թեւեւ բեմին հրաժեշտ է տվել 2012-ին, բայց 2017 թվականին բոլորին զարմացրել էր՝ թողարկելով իր դստեր՝ Ռիմայի երաժշտական ալբոմը, որի հետ Զիադը լարված հարաբերություններ ուներ։ Երգչուհին բեմական հրաժեշտից հետո նկարահանվել է նաեւ «Լա մին» («Ու՞մ համար») տեսահոլովակը, որտեղ նա հայտնվել է երգ ձայնագրելիս։

Ֆեյրուզը բնակվում է դստեր եւ հաշմանդամություն ունեցող որդու՝ Հալի Ռահբանիի հետ։ Զիադ Ռահբանիին նույնպես բաժին էր հասել ծանր ընտանեկան կյանք, որի պատճառով էլ, ըստ որոշ տեղեկությունների, նա կորցրել էր իր առողջությունը։

Զիադ Ռահբանիի մարմինը Բեյրութի հիվանդանոցից Բիքֆայա է տարվում թափորով, որին ուղեկցում են բազմահազար երկրպագուներ։