Քանի մը դիտարկում Ուաշինկթընի մէջ կայանալիք առաջիկայ հանդիպման մասին։ Նախ ըսեմ, որ ի տարբերութիւն հայկական կողմի՝ ատրպէյճանական քարոզչական մամուլը շատ աւելի աշխուժ մեկնաբանութիւններ կը տարածէ այս թեմայով։ Այս մասին գրած է ատրպէյճանագէտ Տաթեւ Հայրապետեանը:
«Հիմնական թէզն այն է, թէ իբր այս հանդիպումը փաստում է, որ հայկական կողմն ընդունել է Սիւնիքով ճանապարհի վարձակալութեան առաջարկը։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ կարծում, որ դա առհասարակ հնարաւոր է եւ անգամ, եթէ Փաշինեանը իրապէս ուզենար այդ առաջարկն ընդունէր նա դա կարող էր անել։ Բայց սա էլ մի կողմ, ադրբեջանական հանրային քննարկումներից ելնելով, նրանք չեն դիտարկում որեւէ պայմանագրի ստորագրում, բացառութեամբ մէկ-երկու նմանատիպ կարծիքի։ Ալիեւը շատ ուղիղ է ասել, որ չի գնալու ստորագրման, իրեն պէտք է գործընթացի շարունակականութիւն, քանի որ հենց գործընթացն է ապահովում նրա համար նոր խաղաքարտերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերւում է ԱՄՆ-ից եկող հնարաւոր ճնշումներին, ապա Ալիեւը դրանց դիմակայելու լաւ փորձ ունի։ Նա հասկացել է՝ քանի դեռ որեւէ կողմ գործնական քայլ չի անում իր դէմ, մնացեալը՝ զուտ անյարմար զրոյցներ են, կ՚անցնեն, կը գնան։
Բայց առհասարակ, ես տպաւորութիւն ունեմ, որ ոչ Երեւանում, ոչ Բաքւում յստակ չեն պատկերացնում, թէ ինչ զարգացումներ են սպասւում Ուաշինգտոնում։ Ալիեւն, ըստ իս, ունի յստակ օրակարգեր, նա փորձելու է հասնել որոշ ձեռքբերումների «Աբրահամեան համաձայնագրերի», միգուցէ ԵԱՀԿ ՄԽ չեղարկման, ինչու չէ նաեւ 907-րդ բանաձեւի եւ մի շարք այլ թեմաների հարցում։ Առհասարակ, նրա երազանքն էր Թրամփի հետ ուղիղ զրոյց ունենալ։
Իսկ ի՞նչ օրակարգով է գնում Փաշինեանը, ես չգիտեմ։ Պաշտօնական հաղորդագրութիւնն ընդհանրական է։ Բայց կարեւոր է, թէ ինչ հարցեր է նա նախատեսել քննարկել։ Ըստ իս՝ եթէ մենք ունենայինք պետական շահը սպասարկող իշխանութիւն, ԱՄՆ միջնորդութիւնը կարող էր լաւ առիթ ծառայել հենց ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման հարցը բարձրաձայնելու համար, առաւել եւս, որ այդ թեման խորթ չէ Սպիտակ տանը։ ԱՄՆ բարձրաստիճան որոշ պաշտօնեաներ քաջածանօթ են թեմային թէ՛ Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբանի, թէ՛ որոշ խմբերի աշխատանքի շնորհիւ նաեւ։ Դա կարող էր ներկայացուել որպէս կարեւոր քայլ՝ խաղաղութեանը միտուած։
Ամէն դէպքում, ես մշտապէս ասել եմ ու շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ առանց միջնորդների բանակցութունները շատ աւելի վատ հետեւանքներ են ունենում մեզ համար, միջնորդները առնուազն որոշակի տրամաբանութիւն են փորձում պահել, ինչը բացակայում է, երբ Փաշինեանը ուղիղ նստում է Ալիեւի առջեւ եւ քննարկումների փոխարէն ստանում վերջինիս երազանքների թարմացուած ցուցակը։ Բայց արդիւնքի համար նաեւ ոչ պակաս կարեւոր է միջնորդի յամառ եւ հետեւողական լինելը։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ միջնորդութիւնը եւ Թրամփի՝ միգուցէ ներքաղաքական ու անձնական ամբիցիաներով պայմանաւորուած ակտիւութիւնը դիտարկում եմ որպէս հնարաւորութիւն, եթէ իհարկէ այցն ուղեկցուի հայկական շահերից բխող բովանդակային քննարկումներով։ Սա նաեւ լաւ առիթ կարող է լինել Ալիեւի աճող քաղաքական ախորժակը զսպելու համար։ Մնում է դա խելացի օգտագործող լինի»,- գրած է ան: