Հրատապ լուրեր:

Ըստ կտակի Քըրք Քըրքորյանի ողջ ունեցվածքը վաճառվելու և ուղղվելու է բարեգործության.ՀԺ

Ըստ կտակի Քըրք Քըրքորյանի ողջ ունեցվածքը վաճառվելու և ուղղվելու է բարեգործության.ՀԺ

Հայաստանի իշխանությունները ելքեր են փնտրում հասանելի լինել ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի թողած ժառանգության՝ մեր երկրին բաժին հասնող գումարին, գրում է   «Հայկական ժամանակ»-ը,Վերջերս հրապարակում եղավ, որ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քըրքորյանի կտակը, որի համաձայն, բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գոյացած գումարն ուղղել բարեգործությանը: Կտակի համաձայն, այդ գումարով պետք է ֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք, կամ այն կազմակերպությունները, որոնց բարերարը գումար է հատկացրել, նշում է լրատվամիջոցը: 

Հայտնի է, որ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին ճանապարհաշինարարության համար Հայաստանին 200 միլիոն դոլար էր հատկացրել: Այդ գումարով ոչ միայն ճանապարհներ են կառուցվել, այլ վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային տներ: Մինչ այդ բարերարը 45 միլիոն դոլար էլ հատկացրել էր աղետի գոտու բնակարանաշինության համար: Որոշ տեղեկությունների համաձայն, «Լինսի» հիմնադրամն իր գոյության 22 տարիներին Հայաստանին հատկացրել է մինչեւ մեկ միլիարդ դոլար: Բայց Քըրքորյանը զայրացել եւ ֆինանսավորումը դադարեցրել էր, երբ տեղեկացել էր, որ ՀՀ պաշտոնյաները գրպանել են իր հատկացրած վերջին 200 միլիոն դոլար գումարի մի զգալի մասը:

2011թ. բարերարը փակեց «Լինսի» հիմնադրամը՝ հրաժարվելով Հայաստանին որեւէ ցենտ տալ: Լուծարման պահին հիմնադրամի հաշվին մնացած 200 միլիոն դոլարը նա ուղղեց ոչ թե Հայաստանին, այլ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին: Այդ ժամանակ նույնպես կարծիքներ էին հնչում, թե բարերարը նեղացած է ՀՀ իշխանություններից իր հատկացրած գումարները գրպանելու համար, այդ պատճառով էլ այդ գումարից որեւէ հատկացում չկատարեց: Եվ հիմա ակնկալվում է, որ Քըրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի մոտ 200 միլիոն դոլար, գուցե ավելին:

Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա եւ շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն: Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում: Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեւէ վերահսկողություն ունենան: Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից եւ ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա: Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաեւ ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով: Գումարների տրամադրման կամ այդ գումարներով իրականացվող ծրագրերի վերահսկողության մեջ առանցքային դեր է ունենալու նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

 

«Հայկական ժամանակ»