Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ազգային հերոս, վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ, սրտային վիրաբույժների մի ամբողջ սերունդ կրթած Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1953-ին՝ Հալեպում։ Անցել է մասնագիտական նշանակալի ուղի․
1977 թ. ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
1977-1984 թթ. վերապատրաստվել է Նյու Յորքի Բեկմանի համալսարանում։
1984-1988 թթ. վերապատրաստվել է Օրեգոնի Սենտ Վինսենտ հոսպիտալում (սիրտ-թոքային վիրաբուժության գծով)։
1988-1989 թթ. վերապատրաստվել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում։
1990 թ. մասնակցել է «Բիոտրոնիկ EDP-30» անոթազարկային գեներատորի ստեղծմանը։
1992-1993 թթ. աշխատել է Երեւանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։
1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։
1996 թ. բացվել է նաեւ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է։
Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։
Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների եւ ասոցիացիաների անդամ։
Հրայր Հովակիմյանը բազմաթիվ կոչումներ է ստացել, որից Հայաստանի ազգային հերոսի կոչումը նրան տրվել է 2020 ին՝- բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու եւ երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։
Ծննդյան օրվա առթիվ վաստակավոր բժշկին շնորհավորանք է հղել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի թիմը․
«Թվում է` հնարավոր չէ, որ մարդու մեջ համադրված լինեն մեծ գործերն ու անսահման համեստությունը, մարդկային կյանքերի փրկության գործն ու դրա մասին լռելը, հայրենասիրությունն ու դա նվիրված աշխատանքով արտահայտելը, սակայն կան անհատներ, որոնք առանձնանում են իրենց մարդկային բարձր արժեքներով ու միեւնույն ժամանակ անսահման համեստությամբ: Այդպիսին է Հրայր Հովակիմյանը, մարդ, ով մեր երկրի համար ամենածանր տարիներին՝ 1990-ականերին, գալով Հայաստան, ձեռնամուխ եղավ մի մեծ գործի՝ հիմք դրեց սրտային վիրաբուժությանը եւ մինչ օրս իր ստեղծած թիմի հետ միասին հայրենի տուն հանդիսացող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում շարունակում է փրկել հազարավոր մարդկանց կյանքեր:
Սիրելի՛ Հրայր Սահակիչ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում ենք ամենայն բարիք, ամուր առողջություն եւ երկար տարիների կյանք: Շնորհակալ ենք Ձեզ նվիրումի եւ հայրենանվեր գործունեության համար: Ուրախ ենք, որ մեզ հետ եք, սիրելի՛ ուսուցիչ, հպարտ ենք եւ շնորհակալ»։