Հայաստանում Համբարձումը վերջին տարիներին վերածվում է ժողովրդական տոնակատարության, որից անմասն չի մնում նաեւ Սյունիքի մարզի Խնձորեսկի պատմության թանգարանը։
Առաջնային համարելով կրթադաստիարակչական նպատակը՝ թանգարանը փորձում է վերականգնել հայոց տոնածիսական համակարգը եւ տոնել բոլոր ազգային, ավանդական տոները, նորովի վերարժեւորել ժողովրդական սովորույթները, նիստուկացը։
Խնձորեսկի պատմության թանգարանը, տնօրեն Հասմիկ Աբրահամյանի ղեկավարությամբ, արարողություններին մասնակից է դարձնում գյուղի երեխաներին, երիտասարդներին եւ ընդհանրապես փորձում է ներգրավել բոլոր խավերին, հատկապես՝ ավագներին ու տարեցներին, որոնցից ճշգրտում են ավանդույթների մանրամասները, սովորում կերակրատեսակներ, բանասացություններ․․․
Թանգարանը, երկարատեւ դադարից հետո, վերջին տարիներին վերաբացվելով՝ ոչ միայն մշակութային միջոցառումներ է կազմակերպում, այլեւ ընդունում է այցելուներ, որոնք թանգարանում ծանոթանում են գյուղի պատմությանը, հատկապես՝ գյուղի մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին եւ Արցախյան շարժմանը։ Թանգարանում ներկայացված են նաեւ գյուղի նահապետական անցյալը, նշանավոր խնձորեսկցիների կյանքը, արվեստում, գիտության մեջ եւ այլ բնագավառներում ունեցած նրանց ներդրումը, պատմական գյուղին վերաբերող այլ մանրամասներ։ Ցուցանմուշներն աստիճանաբար համալրվում են նորերով։
Համբարձումը տոնելու համար Խնձորեսկն ունի հրաշալի բնակլիմայական պայմաններ՝ հարուստ է աղբյուրներով, դաշտային ծաղիկներով, գյուղի վարպետ բրուտների պատրաստած կավե կժերով, որոնց մեջ Համբարձման ավանդույթով տոնի մասնակիցները «աստղունք» են դրել․ երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքել են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցրել 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցել ջրի մեջ, որպեսզի Համբարձման գիշերը դրանք հանձնեն աստղերի խորհրդին եւ ըստ այդ նշանների՝ կատարեն գուշակություններ։
Ասում են՝ աստղերը Խնձորեսկում այնքան մոտ են լինում, որ պարզկա ամառային գիշերներին թվում է թե դրանք ափիդ մեջ են, իսկ Համբարձման գիշերն այնտեղ աստղազարդ երկինքն ավելի խորհրդավոր է դառնում։ Գյուղի դաշտերում առատորեն աճում եւ Համբարձման օրերին ծաղկում են գարնանային դեղին գինարբուկը, արեւքուրիկը, ոսկեշիվը, խնկածաղիկն ու այլ ծաղիկներ, որոնք համարվում են Համբարձման ծաղկեփնջի «թագուհիները»։
Դե իսկ Համբարձման ավանդական կաթնովը (կաթնապուրը) եփելու համար էլ օգտագործում են գյուղի կովերի անարատ կաթը։ Այս ճաշատեսակը անծանոթ չէ գյուղացիներին, ուստի կարելի է ենթադրել, որ հնաբնակները նույնպես տոնել են ավանդական տոները, պահպանել ծիսակարգը։
Գյուղի ձորում գտնվող Հին Խնձորեսկն ունի նաեւ պատմամշակութային վայրեր, որոնք նույնպես տոնական օրերին այցելության վայրեր են դառնում։ Կազմակերպիչները հաճախ նախընտրում են տոները կազմակերպել բնության գրկում։ Նրանք սպասում են, որ մի օր կգործի Հին Խնձորեսկի եկեղեցիներից գոնե մեկը, որում էլ կկատարվեն ավանդական տոների եկեղեցական կարգերը։ Համբարձում տոնը նշում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցին․ եկեղեցիներում մատուցվում է պատարագ, նշվում է Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Խնձորեսկում տոնված Համբարձումը՝ լուսանկարներում