image

«Հայրս մազապուրծ փախել է՝ ունեցվածքը թողնելով ադրբեջանցիներին». Սյունիքի մարզի բնակչուհի

«Հայրս մազապուրծ փախել է՝ ունեցվածքը թողնելով ադրբեջանցիներին». Սյունիքի մարզի բնակչուհի

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակվելով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղությունների վրա, ոչ միայն սպանել են հարյուրավոր հայերի, պատճառել ավերածություններ, ունեցել առաջխաղացում, այլեւ տարել են հայերին պատկանող մեծ քանակությամբ անասուններ: «Արեւելք»-ին հայտնի դարձավ, որ մասնավորապես Ջերմուկի սարերից նրանց հաջողվել է գողանալ բազմաթիվ ոչխարներ, որոնք անասնապահներն ամեն ամառ տանում են լեռնային այդ արոտավայրերը: Այնտեղ ոչխարներ արածացնող տասնյակ անասնապահների համար ոչխարաբուծությունը ապրուստի միակ միջոցն է, նրանք ոչխարներ են բուծում մեծ հոտերով՝ ամռանը բարձրացնելով սարեր, իսկ ձմռանը պահելով ձմեռանոցներում: Գողացված ոչխարները հիմնականում Սյունիքի Խնձորեսկ համայնքի բնակիչներին են պատկանել: 

Այժմ գյուղացիները մնացել են ձեռնունայն՝ զրկված իրենց ողջ ունեցվածքից: Նրանք չգիտեն, թե ով է պատասխան տալու այս ունեզրկման համար, ով է փոխհատուցելու միլիոնավոր դրամների վնասը, որ ադրբեջանցիները հայ գյուղացուն պատճառել են ժամերի ընթացքում: Խոսքը ոչ թե մի քանի հարյուր անասունի, այլ մի քանի հազար գլխաքանակի մասին է: «Արեւելք»-ին հայտնի դարձավ նաեւ, որ անասնապահները վտանգավոր գոտում են թողել նաեւ իրենց ողջ անասնապահական գույքը՝ վրաններ, իրեր, շներ, ձիեր, մեքենաներ, որոնց ճակատագիրը նույնպես հայտնի չէ: Դեպքից անցել է հինգ օր, սակայն խոշոր չափի անասնագողության այս դեպքը դեռեւս չի արժանացել համապատասխան կառույցների ուշադրությանը:  

Անասնապահներից մեկի դուստրը՝ 15-ամյա Լիլի Արջունցը, գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով զբաղվել այս հարցով, օգնել վերադարձնելու մարդկանց տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը եւ այս դժվար պահին կանգնել թալանված հայ գյուղացու կողքին: 

 

«Ես Լիլին եմ: Ապրում եմ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ համայնքում: 

Պապիկս իր 11 երեխաների հետ ապրել է Բաքվում: Այնտեղ ստեղծելով իր տունը՝ ամբողջ ունեցվածքը, 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի ժամանակ, թողել է թշնամուն եւ ապաստան  գտել հայրենի գյուղում՝ Խնձորեսկում: Այնուհետեւ հայրիկս 7 տարեկանից, չհաճախելով դպրոց, իր հոր՝ պապիկիս հետ նորից սկսել են ստեղծել իրենց տունն ու կացարանը: Վերջերս հայրս գնել էր մեծ քանակի անասուն (որի գումարը պետք է աստիճանաբար վճարի),  որպեսզի մենք նույնպես չապրենք այն տարիները, որն  ինքն է ապրել:

Անասուններին հայրս պահում էր Ջերմուկի սարերում, եւ այդ չարաբաստիկ օրը՝ սեպտեմբերի 12-ը լույս 13-ի գիշերը,  հայրս թշնամու հարձակումներից խուճապահար փախել է՝ փրկելով կյանքը, սակայն անասուններին եւ անասնապահական գույքը թողել է այնտեղ: Այդ պահին ոչ մի կերպ հնարավոր չի եղել անասուններն ու ունեցվածքն իջեցնել սարից: Հաջորդ օրերին հայրս՝ համագյուղացիների հետ, փորձել է բարձրանալ եւ իջեցնել անասուններին, սակայն նրանց չի հաջողվել, քանի որ թշնամին բավականաչափ առաջ եկած է եղել, իսկ անասունները գտնվում էին թշնամու թիկունքում: Այս պահին խոսակցություններ կան, որ թշնամին տարել է անասուններին, նույնիսկ այդ մասին տեսանյութեր են տարածվում ադրբեջանական հարթակներում: Հայրս գտնվում է հոգեկան եւ հուզական շատ ծանր վիճակում: Ես չգիտեմ՝ ինչո՞վ կարող եմ օգնել նրան»...