Սիրիահայ Վիգեն Մելքոնյանն արծաթագործ է. արծաթից, փայտից ու կավից ինքնատիպ զարդեր է պատրաստում և վաճառում Երեւանում:
-Վերնիսաժում սեղան ունինք, մարդիկ օղ, մատանի կառնեն, ինչ որ պետք ունին: Դե գիտեք, առևտուրը ոնց է՝ մի օր՝ ասանկ, մի օր՝ անանկ: Ամեն առավոտ խանութը կբանանք…,- արծաթագործի առօրյան է ներկայացնում Վիգեն Մելքոնյանը:
Վիգեն Մելքոնյանը Հալեպում 20 տարի արծաթագործությամբ և ոսկերչությամբ է զբաղվել: Մինչ Սիրիայում պատերազմի սկսելը գործերը լավ են եղել, կարողացել է աշխատել ու հոգալ ընտանիքի բոլոր ծախսերն ու կարիքները: Վստահեցնում է՝ հայ վարպետները Սիրիայում հայտնի վարպետներ են:
Երեքուկես տարի առաջ, սակայն, երբ ռումբերից մեկը պայթել է հենց իր տան մոտ, Վիգեն Մելքոնյանը ստիպված է եղել Հալեպից հեռանալու որոշում կայացնել: Երեւան մենակ է տեղափոխվել:
-Դուստրս ընտանիքի հետ տակավին Հալեպում է: Ընտանիքս, հարազատներս, որ այնտեղ են, ամեն վայրկյան մահվան վտանգի տակ են, - ասում է նա:
Հալեպից Երեւան ձգվող ճանապարհն արծաթագործի համար հեշտ չի եղել. Սիրիայում թողնելով ողջ ունեցվածքը՝ Հայաստանում ստիպված է եղել ամեն ինչ զրոյից սկսել:
-Քաղաքից քաղաք տեղափոխվելով, բնական է, դժվարություններ կունենա մարդը, մինչև կծանոթանա, շրջապատ կունենա, գործ կսկսի,- ասում է նա:
Բայցև նկատում է՝ հակառակ դժվարություններին՝ հայրենիքն իրեն ապահովության եւ վստահության զգացողություն է հաղորդել:
- Այստեղ մեր հայրենիքն է, որեւէ մեկը մեզի նեղություն չի տա, մնացածն ալ կհաղթահարենք,- ասում է նա:
Տաթեւիկ Սարգսյան/«Արևելքին»