Նիկոլ Փաշինեանի հետ համագործակցությունը բացառված է․ այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Հարցին, թե ճիշտ են լուրերը,որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ֊ի հետ համագործակցության փորձեր է անում, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Նման բան չկա և չի կարող լինել, թող մարդիկ հանգիստ լինեն։ Համագործակցությունը բացառված է»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է` մինչև չլինի նրա հրաժարականը, այդ հարցը չի կարող քննարկվել. «Իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ,ապա ԲՀԿ֊ն մասնակցելու է միայնակ` առանց դաշինքի»։
Նա, անդրադառնալով 2020թ․ հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի ընլայնված նիստի ժամանակ իր՝ կառավարության 100 տոկոս հրաժարականի հայտնի պահանջին, Հայաստանի համար բավականին տխուր հեռանկարի կանխատեսմանն ու պատասխանելով դիտարկմանը, որ թեև 2020թ․ ամռանը նման ազդակներ դեռ չկային, բայց նա վատ զարգացումներ էր կանխատեսում, ասել է․ «Եթե դու նայում ես` Տավուշում պատերազմ ա լինում, գեներալ են խփում, և Թուրքիան արդեն գալիս ա զորավարժություններ Արցախում անցկացնի, հասկանալի ա, որ վերլուծություն ա պետք։ Եթե ես կարողանում եմ վերլուծել, ներկայացնել, որ մենք ունենք 3-4 ամիս ժամանակ, որ պետք է նախապատրաստվենք, բանակցենք, ու դրա փոխարեն ինձ ձերբակալում են, որ ես չխոսեմ, իրականությունը չասեմ, ու իրենք էլ քայլ չեն կատարում, պատերազմը սկսում ա, ասում են՝ սա անակնկալ էր։ Եթե ես կարողանում եմ վերլուծությամբ ներկայացնել, ասել, ուրեմն էս ամբողջ պետությունը, համակարգը չի՞ կարողանում նախապատրաստել իրա վերլուծությունները․․․․ ո՞նց ա լինելու, ես ասեմ՝ ձերբակալության օրն էլ հենց Անվտանգության շենքի մոտ էլ եմ ասել։ Անկախ ամեն ինչից, ես ինչ ասել եմ, ասում եմ, ասելու եմ՝ ոչ ձերբակալությունից եմ վախում, ոչ որևիցե բանից։ Ես էս երկրում ապրում եմ, իմ համար կարևորը իմ երկիրն ա, իմ ժողովուրդը, իմ պետության հզորությունը, և, ասենք թե՝ Անվտանգության ձերբակալման օրն էլ դատարան էլ չեմ գնացել, գիտեի՝ ձերբակալելու են, վճռի համար, գնացել, ասել եմ՝ դռները բացեք, եկել եմ։ Եվ եթե դուք ինձ ձերբակալելով խնդիր եք լուծելու, ոչ մի հարց էլ չի լուծվելու։ Ոչ ժողովրդի սոցիալական վիճակը, ոչ տնտեսական և ոչ էլ Արցախի հարցը։ Այլ պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ։ Ասել եմ և ասել եմ՝ դռները բացեք»։
Ըստ Ծառուկյանի՝ այսօր հիմնական խնդիրը բյուջեի գումարներն ավելացնելն է։
Ծառուկյանը խոսել է նաև գնաճի ու օրեցօր վատթարացող տնտեսական վիճակի մասին՝ ասելով․
«Էսօր մենք նայում ենք, հիմնական խնդիրը․ դրամը արժեզրկվում է, ճի՞շտ է, թե՞ ոչ։ Բարձրացել ա գները, կարագը, ասենք թե՝ ձեթը, բայց թոշակը նույնն ա։ Բայց էսօր մարդը ո՞նց կարող է դրանով, էս թոշակներով ապրի»։
Դիտարկմանը, որ այս պայմաններում անհնար է ներդրողներ բերել, իսկ դասական լուծումները չեն աշխատում, Ծառուկյանը չի համաձայնել՝ ասելով․ «Ուրեմն՝ աշխարհում չլուծվող խնդիր չկա, բոլոր հարցերը լուծվում են կլոր սեղանի շուրջ։ Եթե բանակցությունը մարդկանց մոտ վստահութուն ներշնչի, պայմաններ լինեն, որ մարդիկ վստահելով․․․ միշտ էլ ցանկացած երկրում պատերազմ ա եղել, սրանից ավելի վատ կարգավիճակ, բայց պետք է լիարժեք լինի ծրագիր, մոտեցում, ոչ անփորձ երիտասարդների իշխանություն,այլ փորձառու մարդկանց, տեսած մարդկանց, հարգանք վայելող մարդկանց, որոնք կարող են կազմակերպել։ Ես 18 թվականին էլ եմ ասել,որ էսօր ներդրման համար հարկավոր է այնպիսի պայման, ինչ որ Վրաստանը ներկայացնում է ներդրման համար, մենք 10 տոկոս ավելի առավելություն տանք։ Որ ներդրողը շահագրգռված լինի գա Հայաստան»։
Պատասխանելով հարցին, թե հիմա այդ ներդրողները կգա՞ն Հայաստան, Գագիկ Ծառուկյանն ասաց․«Բայց արդեն ապացուցվել է, որ էլ չեն գա։ 3 տարի ա, ես առաջին օրվանից եմ ասել, որ այդ անփորձ երիտասարդները, սրանք չեն տիրապետում․․․ Կարևորը ոչ թե խոսելն է, անգիր արած՝ ժողովրդի աչքին թոզ փչելը, այլ մարդը պետք է անցած ճանապարհ ունենա, քարը քարին դրած լինի։ Անփորձ մարդը, պրակտիկա չունեցող մարդը ո՞նց կարող է ոլորտ ղեկավարի»։
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ այս պահին Հայաստանում կա 650 հազար ընտանիք և 1 միլիոն 700 հազար վարկառու։ Այսինքն՝ ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ