Լրացավ հալեպահայ նշանավոր բժիշկ, համայնքային գործիչ Մերուժան Քիրիշյանի մահվան Ա տարելիցը։
Վաստակաշատ բժիշկը մահացել է Երեւանում, 2025-ի հունվարի 8-ին, 85 տարեկանում։
Նա տիկնոջ հետ Հայաստան էր տեղափոխվել մոտ տասը տարի առաջ՝ Սիրիայում երկարատեւ բժշկական գործունեությունից հետո՝ այնտեղ վաստակելով անուն, հեղինակություն, ծնունդ տալով բազմաթիվ մանուկների, բուժելով հայ եւ տեղացի հազարավոր հիվանդների։
Իբրեւ գինեկոլոգ, Մերուժան Քիրիշյանն իր մասնագիտությունը շարունակում էր Երեւանում՝ ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում՝ մի խումբ սիրիահայ բժիշկների հետ. նրանք սիրիական պատերազմից հետո Հայաստան տեղափոխվելով՝ օգնում էին այստեղ հաստատված սիրիահայերի, որոնք իրենց առողջությունը վստահելի էին հմուտ եւ վաստակավոր բժիշկներին։

Մերուժան Քիրիշյանի մահվան Ա տարելիցի կապակցությամբ «Սպանդարյան» գերեզմանատանը շաբաթ՝ օրը՝ հունվարի 10-ին, կկատարվի գերեզմանի օրհնության կարգ, որից հետո Կոնդի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն (ժամը 13:30-ին)։ Արարարողություններից հետո հարազատները ցավակցություններ կընդունեն «Աբու Հակոբ» ճաշարանում։
