69 տարեկանում մահացել է ՀՀ պետական, հասարակական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գագիկ Եգանյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը, մեծ ավանդ ներդրել այդ ոլորտի կայացման գործում։
«Արեւելք»-ն իր խորին ցավակցություններն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու հատկապես որդուն՝ Հայկ Եգանյանին։
Լրագրող, պետական կառույցներում մամուլի խոսնակ աշխատած Անահիտ Եսայանը ներկայացրել է Գագիկ Եգանյանի կենսագրությունը՝ արժեւորել նրա անցած ճանապարհի մանրամասները։
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը։
Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։
Հայաստանի Հանրապետության պետական և հանրային գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Պետական Համալսարանի վաստակաշատ դասախոս, մարդ, ով իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար։
Պետական մտածողությունն է մղում մարդուն համակարգաստեղծ գործունեության։ Գագիկ Եգանյանի ստեղծած ազգային համակարգերը հատկապես՝ սոցիալական և միգրացիոն ոլորտներում միաժամանակ և՛ մարդակենտրոն, և՛ պետականակենտրոն լինելով՝ արդիական են և այսօր էլ շարունակում են գործել։
Գագիկ Եգանյանը լինելով պետական գործիչ, իրապես՝ Պետության մարդն էր, իսկ իր մարդկային բարձր հատկանիշների և հայրենի երկրի հետ աստվածային կապերով կապված՝ Երկրի մարդն էր նաև։ Քանզի իրապես՝ Պետության և Երկրի մարդ լինելու համար պրոֆեսիոնալիզմի հետ նաև ազգային մտածելակերպ, հոգևոր պաշար, վերջապես, երկրի, հայրենիքի, պարզ մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունք պիտի ունենալ․․․
Գագիկ Եգանյանը չլինելով հոգևորական, անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի հասարակության հոգևոր զարգացման գործում՝ լինելով բազմաշատ հայորդիների կնքահայր-ուսուցիչ և ներգրավված լինելով եկեղեցիների բարեկարգման և վերաօծման գործընթացներում։
Վստահաբար, լեռնագնացության հանդեպ իր մեծ սերն էլ՝ հայոց լեռնագագաթները և Արարատի գագաթը անգամներ նվաճողի նրա հոգին՝ լույսերի մեջ պահելով կտանի վեր, վեր դեպի այն շռայլ լույսը, որ երկրային ու երկնային՝ աստվածային կապով կապված՝ վեհ է, սեր է և հոգևոր է․․․
Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17 00-ին»։