Օրեր առաջ ՝25 նոյեմբերին լրացաւ դերասանուհի, հաղորդավարուհի, Խորհրդային Հայաստանի ժողովրդական արուեստագիտուհի, Երեւանի պատուաւոր քաղաքացի Հրաչուհի Ջինանեանի 104-ամեակը: Նոր սերունդը թերեւս դժուարութեամբ ճանչնայ զինք, սակայն դերասանուհին իր ժամանակի ամենանշաւոր դէմքերէն եղած է: Հրաչուհի Ջինանեան ծնած է 25 նոյեմբեր, 1919 թուականին, Կոստանդնուպոլիս։ 1925 թուականին ներգաղթած է Խորհրդային Հայաստան։ 1936-1941 թուականներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ճիւղ։ 1941 թուականին աշխատած է Հայաստանի հանրային ռատիոյին մէջ, որպէս հաղորդավար, ապա` խմբագիր եւ բեմադրիչ։ Երեւանի պետական թատերական հիմնարկի հիմնադրման օրուընէ մինչեւ 2002 թուական զբաղած է մանկավարժական գործունէութեամբ, երկար տարիներ ղեկավարած է բեմական խօսքի ամպիոնը։
Արժանացած է բազմաթիւ պատուոգիրներու, մրցանակներու եւ պետական պարգեւներու։ Կոչումներ, պարգեւներ ստացած է ինչպէս խորհրդային տարիներուն, այնպէս ալ Հայաստանի անկախութենէն յետոյ. 2001 թուականին Հրաչուհի Ջինանեան պարգեւատրուած է «Մովսէս Խորենացի» շքանշանով։ 2003 թուականին արժանացած է «Երեւանի պատուաւոր քաղաքացի» կոչման։ Ջինանեանի ստեղծագործական գործունէութեան մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ ասմունքի տեսակը:
Ժամանակին մեր մեծերը, արժեւորելով իրենց տաղանդաւոր ժամանակակիցներուն, մամուլով անոնց ծննդեան օրուան կամ կոչումներ ստանալու առիթներուն հանդէս կու գային հրապարակումներով: Հրաչուհի Ջինանեանի մասին այդպիսի մի հրապարակում ունի գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեան, որ իր սրտի խօսքն ու գնահատականն ըսած է 1977 թուականին՝ դերասանուհիին ժողովրդական արուեստագիտուհի կոչում շնորհելու առթիւ: Իր յօդուածը Ստեփան Ալաճաճեան տպագրած է «Գրական թերթ»-ին մէջ 1977 թուականին: Ան անդրադառնալով դերասանուհիի ասմունքողի գործունէութեան, նկարագրած է, թէ ինչպէ՛ս ժողովուրդը Ջինանեանը ճանչցած է նախ ձայնով, երբ ան ձայնասփիւռով հաղորդած է ամենակարեւոր լուրերը, արտասանած Վարուժան, Սիամանթօ, Չարենց, Տէրեան, Թէքէեան եւ այլն: Ստեփան Ալաճաճեան յետոյ ծանօթացած է եւ մտերմացած Հրաչուհի Ջինանեանի հետ եւ արդէն անոր դիմած է «Մեր Հրաչուհին» մտերմիկ ձեւով: Այդպէս ալ խորագրած է իր յօդուածը՝ «Մեր Հրաչուհին»:
«Արեւելք», Ստեփան Ալաճաճեանի հրապարակագրութիւնը թուայնացնելու ծրագիրի ծիրէն ներս կը թուայնացնէ նաեւ այդ յօդուածը:
ՄԵՐ ՀՐԱՉՈՒՀԻՆ
Մենք նրան չենք ճանաչել լոկ հասարակական եւ մանկավարժական գործունէութիւնից, որ պարտաւորեցնում է նախ ներկայացնել կենսագրութիւնը եւ գրել՝ Հրաչուհի Յարութիւնի Ջինանեանը ծնուել է…
Ծննդեան տարեղարձ չէ:
Սա այլ «յոբելեան» է: Նրան շնորհուել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհու բարձր կոչում՝ որպէս գնահատութիւն այն բազում ծառայութիւնների, որ նա մատուցել է յատկապէս հայ եւ խորհրդահայ գրականութիւնը արտասանական արուեստի միջոցով ժողովրդին ներկայացնելու գործում:
Մենք նրան ճանաչել ենք ձայնից: Նրա ձայնը եթեր է դուրս եկել Հայրենական պատերազմի օրերին՝ երիտասարդական աւիւնով ու անմիջականութեամբ: Նրա ձայնը հնչել է, ե՛ւ խրոխտ, ե՛ւ թախծոտ, ե՛ւ հանդարտ:
Ձայներ կան, որ չեն մոռացւում:
Նրանք չեն անջատւում յուշերից, դէմքերից:
Մի անգամ, 1945 թուականի Ապրիլին, Երեւանի ռադիոն հաղորդում էր ռազմաճակատից գրուած մի յուզիչ ակնարկ: Ակնարկը կարդում էր Հրաչուհին: Երբ ընթերցումն աւարտուեց եւ մի պահ լռեց Հայրենիքի ռադիոն, նրա լռութինը ծովերի վրայով թռաւ, եկաւ ու մտաւ այն սենեակը, որտեղ մենք հաւաքուել էինք: Մի խումբ հայ ուսանողներ էինք, որ սովորում էինք հայրենիքից հեռու, Միջերկրականի ափին: Մեր սենեակը ծովայատակ էր, եւ Հրաչուհու ձայնը գալիս էր ալիքների վրայով, ալիքների պէս, երբեմն անդորրով լեցուն ու ծփանքով, երբեմն ալեկոծ ու յուզուած, երբեմն ընդվզող, հպարտ ու առնական, մեզ այրող կարօտի բռնկումներով:
Ակնարկը Յունան Աւետիսեանի մասին էր: Նրա հերոսական մահն էր յարգանքով ու արժանապատւութեամբ հաղորդւում աշխարհին: Եւ նրա մահն էր լռութիւն բերում հայրենի երկրից մինչեւ լիբանանեան քաղաքի մեր սենեակը:
Այդ լռութեան վրայ կարծես յարձակուեց մի բանաստեղծ.
-Նա այնպէս է կարդում, որ հաւատացած եմ, թէ կամ սիրած տղայ, կամ ամուսին, կամ եղբայր, հարազատ ունի ռազմաճակատում: Նա ինքն էլ հաւատացած է, որ իրեն լսում է խրամատներից իր սիրած տղան... Այդ Հրաչուհին…
Մեծ յաղթանակի լուրն էլ նա աւետեց.
-ՄԵՐ ԹՈՒՐԸ ՊԱՏՈՒՈՎ ԴՐԵՑԻՆՔ ՊԱՏԵԱՆ.
Այո՛, ձայներ կան, որ չեն մոռացւում: Գիտութիւնն է հաստատում, որ անեզրութեան մէջ ձայնը թափառում է որպէս ալիքաւորուած եթեր ու չի կորչում: Բայց մեզ համար նրա ձայնը Հայրենիքի հետ մերձենալու լաւագոյն միջնորդն էր:
-Սա Հրաչուհու ձայնն է, մեր Հրաչուհու, խօսում է Երեւանը, հայրենիքը:
Այդ ձայնը հասել էր Եւրոպա եւ Միջին Արեւելք, Հնդկական ովկիանոսի ափն ու Ատլանտան, եւ դեռ բազում երկրներ, ուր այցելելու հնարաւորութիւն չէր ունեցել Հրաչուհին, որպէսզի հաւատար, որ այդ տեղերում էլ իրեն ճանաչում են, ինչպէս ճանաչում են Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում եւ ԱՄՆ-ում:
Մենք նրան ճանաչում էինք ձայնից: Նրա ձայնի մէջ զգում էինք կռուի երթը, երկրի կանչը, յաղթանակի հրճուանքը, նահանջի տխրութիւնը, մայրերի օրհնութիւնը եւ, ամէնից շատ՝ հաւատք ծաղկող հայրենիքի, նրա ապագայի նկատմամբ: Յետոյ անձամբ ճանաչեցինք նրան:
Փոքրիկ ռադիօմիկրոֆոնի առջեւ նստած նա ժպտում էր այն անկեղծութեամբ, որ մենք զգացել էինք առանց նրան տեսնելու, միայն ձայնից: Ռադիօկոմիտէում մեզ ծանօթացրին.
-Սա մեր Հրաչուհին է:
Շատ բան հասկանալի դարձաւ ինձ համար, երբ ես առաջին անգամ նրան տեսայ բեմի վրայ: Նա կարդում էր հայ քնարերգութեան նմուշներից: Նրա ձայնի բոլոր երանգները փոխանցւում էին լոկ այն բանի շնորհիւ, որ արտասանողը իր սրտի յոյզն էր դրել նրանց մէջ, իր հոգու մասնիկը, իր խոհեմութիւնը, որպէսզի հաւատաս նրա անկեղծութեանը եւ «վարակուես» յուզմունքով:
Մենք նրա շուրթերից լսեցինք Վարուժանին, Չարենցին, Սիամանթոյին, Տերեանին, Թէքէեանին, Շիրազին: Արտիստուհին գիտէր, թէ խօսքը, տողը, շեշտը ինչպիսի կշիռ ունեն եւ ինչպիսի ազդեցութիւն կարող թողնել ունկնդիրների վրայ: Նա գիտէր գեղարուեստական խօսքի նշանակութեան վեհութիւնը եւ գիտէր բանաստեղծութեան մէջ երաժշտականութիւնն ու միտքը ներդաշնակելու գաղտնիքը: Հենց դրանում էր Հրաչուհու կատարողական արուեստի մեծութիւնը:
Ես մասնագէտ չեմ եւ բեմական խօսքի արուեստում յաջողուած ու գեղեցիկ եմ համարում այն, ինչ յուզում է ինձ:
Երբ գեղարուեստա-թատերական ինստիտուտի ուսանողներին հարցրի, թէ ի՛նչն են հաւանում Հրաչուհու արտասանական արուեստում, ստացայ բազում պատասխաններ.
-Բառերը ճիշտ շեշտաւորելն ու դրանք գեղեցիկ առոգանութեամբ արտասանելը: Նա ապրում է նրանով, ինչ արտասանում է. դրա համար էլ յուզականութիւնը միանգամից փոխանցւում է ունկնդրին:
-Զուսպ շարժուձեւերը՝ խօսքի իմաստի ու ձայնի ելեւէջների ներդաշնակութիւնով:
-Հանդիսատեսի, ունկնդրի հետ հաշուի նստելը: Նա ձայնը բարձրացնում է սրահի մեծութեան համեմատ: Չի ճչում, չի գոռում, պատումը դարձնում է հասանելի:
Ես հասկացայ, որ ուսանողները կարող են դեռ շատ բան ասել, բայց գլխաւորը ասուած էր, այն, որ Հրաչուհին հայ պոեզիային տալիս էր ԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ մեկնաբանութիւն, այո՛, ոչ գրականագիտական-գրադատական, այլ արտասանական մեկնաբանութիւն, նա բարձրացնում էր պոեզիայի ներքին ուժը:
Ձայներ կան, որ չեմ մոռացւում: «Լոյսն աւետող, գիշերը բարի դարձնող, ամոքում մաղթող ձայներ, հորովելի պէս, մայրական օրօրի պէս ձայներ, ամառային տապին՝ զովութիւն, ձմեռուայ բուքին՝ ջերմութիւն բերող ձայներ»: Ամէնից լաւ մարդն է մտապահում ձայները, յատկապէս սիրելի ձայները, որոնք տեղ են գրաւում սրտի մի անկիւնում, հոգու խորքում յուշերի ու տրամադրութիւնների մէջ:
Ասում են արուեստագէտների կենսագրութիւնները նման են աստղերի կենսագրութիւններին, աստղ, որ երեւում է, փայլում, լուսաւորում, անցնում հորիզոնի վրայով: Յետոյ գալիս է մէկ ուրիշ աստղ: Աստղեր շատ կան եւ տարբեր մեծութեան, տարբեր հեռաւորութեան: Դրանում է երկնակամարի գեղեցկութեան անսպառութիւնը: Այդպէս է նաեւ արուեստի երկնակամարը: Մեզ համար կարեւոր է այն, որ աստղերը շատ փայլ ունենան եւ ուժեղ լուսաւորեն մեր արուեստի ու մշակոյթի երկնակամարը: Այդպիսի մի աստղ է մեր Հրաչուհին, որին մենք ճանաչել ենք ձայնից:
«Գրական թերթ», 13 Մայիսի 1977 թ.