Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանի հրաժարականի պահանջով արշաւ տեղի ունեցած է քաղաքապետարանի դիմաց:
Արշաւի մասնակիցներէն մէկը յայտարարած է, որ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն նամակ ունի յանձնելու Երեւանի քաղաքապետի աթոռը զբաղցուցած անձնաւորութեան. «Մենք կարծում ենք, որ այսօր առաւել քան արդիական է հասկանալ, թէ ինչ է մտածում այդ անձնաւորութիւնը: Նա մօտ 10 ամիս ընդհատակում է գտնւում «Քորոնա» ժահրի, արձակուրդների եւ այլ պատճառներով, եւ քաղաքը մատնուել է անտէրութեան»:
Ան ընթերցած է Հայկ Մարութեանին ուղղուած նամակը, ուր մասնաւորապէս, նշուած է, որ քաղաքապետը անլուրջ վերաբերած է «Քորոնա» ժահրի վարակի տարածման եւ ոչ մէկ քայլ ձեռնարկած է, փոխարէնը մտած է թաքստոց: «Ոչ միայն շարունակուել է Երեւանի դիմագծի աղաւաղումը, այլեւ ծպտուն անգամ չէք հանել, երբ կառավարութիւնը որոշել է գոյքահարկը բարձրացնել, որի հիմնական թիրախը Երեւանն է: Տապալուել է Երեւանի փոխադրային համակարգի վերափոխման ծրագիրը: Երեւանի վարչական մեքենան շարունակում է մնալ կաթուածահար վիճակում, ոչ մի գործարք տրամաբանական ընթացք չի ունենում:
Երեւանի քաղաքապետարանը սրտացաւ ներկայութիւն չի ունեցել ռազմաճակատում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին կորցրած եւեւանցիների ընտանիքների առօրեայում: Ջոկատ կազմելու եւ սահման մեկնելու վարչապետի յանձնարարականին անհրաժեշտ ձեւով չէք արձագանգել, ու այնքան էք դանդաղել, որ սահման էք հասել տխրահռչակ յայտարարութեան նախօրէին միայն:
Երկիրը պատերազմի մէջ է գտնւում, իսկ դուք քաղաքապետարանի կայանատեղիների կարգաւորման համար յատկացնում էք շուրջ 50 մլն դրամ»,-ըսուած է նամակին մէջ:
Նամակի աւարտին Հայկ Մարութեանին ներկայացուած է երկու առաջարկ. «Առաջին. Միացէք ժողովրդի լայն զանգուածի պահանջին եւ պահանջէք Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Երկրորդ, տուէք ձեր հրաժարականը քաղաքապետի պաշտօնից: Թող այդ պաշտօնը զբաղեցնի այլ անձնաւորութիւն, որը բաւարար գիտելիքներ, յանձնառութիւն ունի մեր մայրաքաղաքի հարցերով զբաղուելու: Դուք կարող էք վերադառնալ ձեր նախկին ասպարէզին»: