image
Հրատապ լուրեր:

Կատարուեցաւ Ֆերահեան վարժարանի վերանորոգուած՝ «Մասիս եւ Մանուշ Ղեւոնդեաններ» մարզասրահի բացումը

Կատարուեցաւ  Ֆերահեան վարժարանի վերանորոգուած՝ «Մասիս եւ Մանուշ Ղեւոնդեաններ» մարզասրահի բացումը

Սրբոց Նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարանում Նոյեմբերի 26ն առանձնայատուկ օր էր` Գոհաբանութեան տօնին նախորդող, աւանդական դարձած կողովագնդակի ամէնամեայ խաղը կրթօջախի խմբի եւ շրջանաւարտների միջեւ ուղեկցուեց վերանորոգուած մարզասրահի բացմամբ:

Ներկաների թւում էին Ֆերահեան վարժարանի փոխտնօրէն Վարդգէս Նալպանտեան, Ուսումնական խորհրդի նախագահ Վահէ Պենլեան ու անդամները, բարերարներ, ուսուցիչներ ու մարզիկներ՝ «Ֆերահեան»ի մեծ ընտանիքի անդամները:

Ձեռնարկը կազմակերպուել էր վարժարանի տնօրէնութեան, Ուսումնական խորհրդի եւ մարզական բաժանմունքի կողմից:

«Միշտ հաճելի է վերամիաւորուել դպրոցի եւ ընկերների հետ, ում հետ յատուկ կապը ստեղծուել է «Ֆերահեան»ի շնորհիւ: Եւ այսօր ուրախութիւնն ու հպարտութիւնն առաւել է, քանզի, երկար տարիներ անց վերջապէս ունենք գեղեցիկ եւ ժամանակակից միջոցներով վերանորոգուած մարզասրահ, որը մեծապէս կը նպաստի դպրոցի «Արմէնզ» անուանումով մարզական բաժանմունքի զարգացմանը», բացման խօսքում նշեց Ուսումնական խորհրդի փոխնախագահ Կարօ Յովհաննէսեանը:

Մարզասրահն այսուհետ կը կոչուի Մասիս եւ Մանուշ Ղեւոնդեանների անունով, բարերարներ, ովքեր տարիներ շարունակ, լռելեայն ու ջերմեռանդօրէն  ֆինանսական եւ տարաբնոյթ նիւթական աջակցութիւն են ցուցաբերել կրթօջախին, որտեղ նաեւ ուսանել են նրանց զաւակներն ու թոռները: Խօսելով վերանորոգումը հնարաւոր դարձրած բարերարների մասին, Կարօ Յովհաննէսեանը նշեց, որ Ղեւոնդեանների  աջակցութիւնը դպրոցին եւ մարզական բաժանմունքին շարունակել են նաեւ նրանց ժառանգները` Կարոն ու Սօլը, Թերեզան եւ Սարոն: «Ցաւօք, պարոն Մասիսը մահացաւ անցեալ տարի, բայց նրա ընտանիքը շարունակեց ժառանգութիւնը` մեծ ներդրում ունենալով մարզադահլիճի վերանորոգման գործում, որտեղ սերունդները կը շարունակեն մարզուել ու կրթուել: Այս մեծ ձեռքբերման համար մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում Ղեւոնդեան ընտանիքին», նշեց Յովհաննէսեանը:

Մարզասրահում առանձնայատուկ ուշադրութիւն էր գրաւում կրթօջախի մարզական յաջողութիւնները վկայող նորաբաց անկիւնը` «Դոկտոր Մելինա Իսրայէլեանի Ախոյեանների Պատ»ը, որտեղ ներկայացուած էին տարբեր տարիների յաղթանակած մարզիկների անուններն ու ստորագրութեամբ մարզաշապիկներ: «Շատերն են ճանաչում դոկտոր Էրիք Իսրայէլեանին` հայկական տարբեր ծրագրերին ուղղուած բարեգործութիւններով, սակայն ոչ բոլորը գիտեն, որ բժիշկ Էրիքի եռանդի եւ նուիրուածութեան իրական շարժիչ ուժը ոչ այլ ոք է, քան «Ֆերահեան»ի հպարտ շրջանաւարտը` նրա կինը, բժշկուհի Մելինա Իսրայէլեանը: 1992 թուականի շրջանաւարտ Մելինա Տէր Դանիէլեանը «Ֆերահեան»ի կողովագնդակի խմբի լաւագոյն  խաղացողներից էր, ով մասնակցել է տարբեր, այդ թւում` Չինաստանում կայացած մրցաշարի: Մշտապէս հպարտ լինելով հայկական արմատներով, Մելինան եւ ամուսինը շարունակաբար աջակցել են կրթօջախին եւ հայկական բազում ծրագրերի, ինչի համար ցանկանում ենք խորին շնորհակալութիւն յայտնել նրանց ու ողջունել Մելինա Իսրայէլեանի անուան Ախոյեանների պատի բացումը»: Կարօ Յովհաննէսեանն այնուհետեւ ներկայացաւ յուզական խօսքով`  պատմելով «Արմենզ»ի գլխաւոր ներկայացուցիչներից` քառասուն տարիների նուիրեալ, կողովագնդակի մարզիչ Վարանդ Վարդապետեանի մասին: «Նա իմ պարոն Վարանդն էր 1980ականներին, երբ «Ֆերահեան»ի աշակերտ էի, եւ այսօր` աւելի քան 40 տարի անց, նա իմ դստեր պարոն Վարանդն է: Ոչինչ չի փոխուել: Նա անձ է, ով անվերապահօրէն նուիրուած է այս դպրոցի եւ նրա ուսանողների զարգացմանն ու բարօրութեանը: Մենք յաւերժ նրա «Արմէններ»ն ենք, իսկ նա յաւերժ մեր պարոն Վարանդն է, եւ շնորհակալութիւն ենք յայտնում նրան զոհողութիւնների համար, եւ այն արժէքների, որը սերմանել է մեզանից իւրաքանչիւրի մէջ», նշեց Յովհաննէսեանը` ազդարարելով  մարզասրահի մի հատուածում Վարանդ Վարդապետեանի անկիւնի բացումը:

Նա նաեւ յատուկ երախտագիտութիւն յայտնեց Ալեքս Պէյլերեանին եւ Ռոպերթ Մոմճեանին` մշտական աջակցութեան համար:

Ձեռնարկին, ողջոյնի խօսքով հանդէս եկան նաեւ Ուսումնական խորհրդի նախագահ Վահէ Պենլեանն ու շրջանաւարտներից Անտրէ Ահարոնեանը:

«Այսօր շատ ուրախ եւ նշանակալի օր է «Ֆերահեան»ի մեծ ընտանիքի իւրաքանչիւր անդամի համար, քանի որ իրականացաւ մեր երազանքներից մէկը` կրթօջախն այլեւս ունի բարձր չափանիշներին համապատասխանող մարզասրահ, որ նոր հնարաւորութիւններ կ՛ընձեռի մեր աշակերտներին», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց վարժարանի Ուսումնական խորհրդի բազմամեայ մի անդամ:

Մարզասրահի պաշտօնական բացմանը նախորդեցին եւ յաջորդեցին Ֆերահեան Ազգային վարժարանի շրջանաւարտների եւ դպրոցի կողովագնդակի ներկայի աղջիկների եւ տղաների խմբերի միջեւ խաղերը, որ անցան առաւել մեծ ոգեւորութեամբ: Մարզիկները գոհունակութիւն յայտնեցին նոր պայմաններից եւ փայլեցին իրենց խաղերով, որտեղ մրցակցութիւնից առաւել տիրում էր սիրոյ եւ ջերմութեան ոգին:

 

Լուրը՝ «Ասպարէզ»էն