Այսօր Բեռլինի Sofitel Berlin Kurfurstendamm հյուրանոցի համաժողովների սրահում մեկնարկել է «Իրավունքի շուրջ միավորված» (United in Rights) խորագրով համաժողովը, որին մասնակցում են Փոքր Ասիայի ժողովուրդների տասնյակ մտավորական ներկայացուցիչներ: Համաժողովը նվիրված է Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցին: Մի շարք հեղինակավոր կազմակերպությունների շարքում «Արևելք» լրատվական կայքը նույնպես աջակցում է համաժողովի կազմակերպմանը, իբրև ինֆորմացիոն հովանավոր: Կազմակերպիչների շարքում են Արևմտահայոց Ազգային համագումարը, AGADEKA-ն, Ankara Initiative for Freedom of Thought-ը, Zazaki Institut Frankfurt-ը, Ozgurluk ve Sosyalizm Partisi-ը, Zentralverband der Assyrischen Vereinigungen in Deutschland-ը, Verein der Griechen aus Pontos im Reg.-ը, Assyrian Federation of Europe-ը, Kizilbas Dergisi-ը, Nor Zartonk-ը, Federation des Yezdis de France-ը, Baris Icin Aktivite-ը:
Ինչպես «Արևելք»-ի հետ զրույցում նշեցին կազմակերպիչները, համաժողովը ուշադրություն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Փոքր Ասիայի՝ Անատոլիայի տարածաշրջանում դարեր շարունակ ապրել են տարբեր ազգեր, երբեմն հույների, երբեմն արաբների, երբեմն հայերի կամ այլ ազգերի գերիշխանության տակ, բայց գոյակցել են միատեղ, հաշտ ու համերաշխ: Հայ, քուրդ և թուրք ազգայնականներն անդադար մեկուսացնում են այդ տարածքը, ինչը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, պատճառ է դառնում շատ խնդիրների ծագման համար, մինչդեռ, Փոքր Ասիայի տարածաշրջանում ազգերը, ապրելով հաշտ, ստեղծել են քաղաքակրթական արժեքներ, որոնք դարձել են ընդհանուր: Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի ժողովուրդներին հուզող ընդհանուր հարցեր:
Թղթակից/Բեռլին