4 տարի առաջ էր, երբ 39-ամյա սիրիահայ Տիգրան Աբոլաբոտյանը Վանաձոր այցելեց՝ մասնակցելու բարեկամներից մեկի հարսանիքին: Եկավ, մասնակցեց ու որոշեց՝ վանաձորցի կին է ընտելու:
Առաջին հանդիպումը
«Էդ ժամանակ ես «Գլորիա» կարի ֆաբրիկայում էի աշխատում: Միջնորդով ծանոթացանք ու մի շաբաթվա ընթացքում նշանվեցինք»,-ապագա ամուսնու հետ ծանոթությունն ու ամուսնանալու առաջարկն ընդունելը «Արևելքի» հետ զրույցում այսպես է հիշում Տիգրանի կինը՝ վանաձորցի Վերիչկա Սիրադեղյանը:
Թե ինչն է ստիպել մեկ շաբաթում ամուսնանալու որոշում կայացնել, Վերիչկան դժվարանում է ասել. «Չգիտեմ, երևի ճակատագիր էր, որ ասում են՝ լինելունը լինում է, էդպես է»:
2011թ.-ի նոյեմբերի 11-ի զույգը նշանվում է: Մի քանի օր անց Տիգրանը մեկնում է Սիրիա՝ փաստաթղթերը կարգավորելու և ապագա կնոջ հետ այնտեղ հաստատվելու համար:
Սիրիայից՝ Վանաձոր
«2012-ի սեպտեմբերին եկավ Վանաձոր, փաստաթղթերն արդեն պատրաստ էին, բայց պատերազմը սկսվեց... Էլ չկարողացանք գնալ»,- պատմում է Վերիչկան:
Որոշ ժամանակ սպասել են՝ հույսով, որ իրավիճակը կշտկվի, ամեն ինչ կկարգավորվի և իրենք կկարողանան մեկնել Սիրիա՝ ամուսնու ծնողների մոտ: Բայց՝ ապարդյուն:
«Մի ամիս սպասեցինք, հարսանիքը հետաձգեցինք... Բայց տեսանք, որ չի շտկվում , որոշեցինք ամուսնանալ: Ամուսնուս ծնողներն էնտեղ էին, չկարողացան գալ, ստիպված առանց նրանց՝ միայն բարեկամների ներկայությամբ ամուսնացանք...»,- հիշում է զրուցակիցս:

Տիգրանն ավտոէլեկտրիկ է: 4 եղբայրներով Սիրիայում այդ գործն էին անում, սեփական բիզնես ունեին, հասցրել էին տուն-տեղ ստեղծել...
«Բայց ինչ օգուտ, որ չենք կարողանում դրանից օգտվել»,- սրտնեղում է Վերիչկան ու շարունակում պատմել նորաստեղծ ընտանիքի ոդիսականը,- «Վանաձորում 2-3 տարի մնացինք, ամուսինս էլի ավտոէլեկտրիկի գործ էր անում , բայց 50-50 էր աշխատում... Մանավանդ 2015-ին գործը սկսեց շատ վատանալ, ամբողջ շաբաթն անցնում էր՝ 2.000-3000 դրամ էր վաստակում, չէինք կարողանում անգամ տան վարձ տալ... »:
Վանաձորից՝ Երեւան
Այլևս չկարողանալով հոգալ ընտանիքի կարիքներն ու ծախսերը և հուսալով, որ գոնե Երևանում կկարողանան նորմալ վարձատրվող աշխատանք գտնել՝ Աբոլաբոտյանների ընտանիքը որոշում է Վանաձորից տեղափոխվել Երևան:
Վանաձորում Երևանի պես չէ. գործ կա, Տիգրանն արդեն աշխատում է, բայց՝ «էստեղ էլ ամեն ինչը թանկ է... Էլի որ տան վարձը չլինի, կհասցնենք, բայց տան վարձը շատ է խեղճացնում...»:
Երևան տեղափոխվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Տիգրանի եղբայրը Երևանում է բնակվում: Երկու քաղաքներում կրկնակի վարձ տալու փոխարեն՝ որոշել են համատեղ ապրել և խնայել վարձով բնակարաններից մեկի գումարը:
Այժմ վարձակալված 3 սենյականոց բնակարանում ապրում են Վերան ու Տիգրանը՝ զույգ երեխաների հետ, Տիգրանի մայրը, քույրը, եղբայրը: Թե որքան ժամանակ կկարողանան համատեղ ապրել, պարզ չէ...
«Տեգրս էլ է ուզում ամուսնանալ և իր ընտանիքը ստեղծել, էդքանով մի տեղ ապրել չի լինի»,- մտահոգվում է Վերիչկան:
Վանաձորում անցկացրած դժվարին տարիների միակ լուսավոր կետը, թերևս, զույգ երեխաների՝ Լուսինեի ու Դավիթի լույս աշխարհ գալն է:

Այս տարիների ընթացքում ինչ աջակցություն են ստացել հարցիս՝ Վերան դժվարանում է պատասխանել: Ապա հիշում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այցելություններն ու դրամական օգնություն եւ երեխաներին անհրաժեշտ պարագաների տրամադրումը: «Գարեգին Նժդեհ» հասարակական կազմակերպությունն էլ 15 ամիս տան վարձն է փոխհատուցել. սակայն ծրագրի ավարտից հետո ընտանիքը ստիպված է եղել այդ ծախսը ևս ինքնուրույն հոգալ:
«Շատ դժվար իրավիճակում ենք՝ չգիտենք երեխեքի՞ն պահենք, տան վարձ տա՞նք, Վանաձոր գնա՞նք, թե՞ Երևան մնանք, որտեղ ապրե՞նք, որ մի քիչ լավ լինի գործներս... Որ տան վարձ չտայինք, էլի կհասցնեինք... Թեկուզ տուն տրվեր, ես չեմ ասում անվճար տան, վարձի ձևով մի 20 տարվա մեջ կփակվեինք... Մինչեւ երբ պետք է մենք վարձով մնանք, չգիտեմ... Էսպես որ գնա, տան տեր չենք դառնա... Ձմեռ օր է, բայց ամբողջ օրը ցերեկով գազ չենք վառում, որ մի քիչ էկանոմիա անենք...»,- պատմում է երկու երեխաների մայրն ու վստահեցնում՝ ինքն էլ է պատրաստ աշխատել (Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատել է որպես կարող-Տ.Ս.) և օգնել ամուսնուն, եթե միայն նման հնարավորություն լինի,-«Ես էլ եմ ուզում աշխատել,բայց երկու երեխու հետ դժվար է, ոտքուձեռքս «բռնել» են, մինչև մանակապարտեզ չգնան, չեմ կարող դուրս գալ»,- ապա հիշում է մյուս «ձեռքի հունարի» մասին,- «Խմորեղեն եմ թխում, էդ տեսակ գործեր կարող եմ անել տանը, բայց հիմա վառարան չունենք, գազօջախը նորմալ չի աշխատում... Որ գոնե հարմարություն լիներ, դա կանեի... »:
Սիրիահայ ամուսինն ու հայրը
Սիրիահայ ամուսինների՝ կանանց նկատմամբ դրսևորած հարգանքի մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ: Հարցիս՝ թե ինչպիսի՞ ամուսին ու հայր է Դիկրանը, Վերիչկան պատասխանում է.
«Որ շփվում եմ իրենց հարազատների, բարեկամների հետ, նկատում եմ՝ իրենց մոտ տղամարդիկ յուրահատուկ են, կանանց նկատմամբ մի ուրիշ վերաբերմունք է... Էնքանով են լավը, որ չեն թողնում իրենց կանայք աշխատեն, տղամարդիկ են մենակ աշխատում ու կարիքները հոգում... Որ ամուսնացել էինք, ու ես աշխատում էի, ամուսինս շատ էր նեղվում, ամաչում էր, ասում էր՝ մեզ մոտ ամոթ է... Ես ասում էի՝ մեզ մոտ սովորական բան է, ամոթ բան չկա...Իրենց մոտ ընտանիքներում բաժանությունը շատ քիչ է, խմող չեն... Էնպես չի, որ ամուսինս չի խմում, բայց չափի մեջ: Ամեն ինչ չափի մեջ է»:
Տաթևիկ Սարգսյան