Հալեպահայ Եսայի Գոզյանը նվիրատվություն է կատարել Սիրիայի մզկիթներից մեկին. նա մզկիթի համար գնել է ձայնային ժամանակակից համակարգ: «Արեւելք»-ի հետ զրույցում Եսայի Գոզյանը նշեց, որ մտավախություն ուներ, թե իր արարքը քրիստոնյաները, հատկապես՝ հայերը, սխալ կհասկանան, սակայն արձագանքներն ու մեկնաբանությունները դրական են, որովհետեւ, ըստ Եսայի Գոզյանի, Հալեպը երկար տարիներ մահմեդական-քրիստոնյա համակեցութեան փայլուն օրինակ է եղել, եւ ոչ ոք չի մոռանում, որ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին Սիրիայի՝ հատկապես մահմեդականները գրկաբաց ընդունել եւ տեղ են տվել:
«Արեւելք»-ի հետ զրույցում Եսայի Գոզյանն ասաց, որ մզկիթի համար կատարած իր նվիրատվությունը նախապատմություն ունի. «Պատերազմի ժամանակ Յարմուք գաղթակայանում ապրող արմատներով պաղեստինցի մի ընտանիք եկել եւ մեր շրջանում էր հաստատվել: Այդ ընտանիքը Հանտարաթ գյուղից էր, նրանց գյուղը քարուքանդ էր եղել, ամեն ինչ կորցրել էին: Հինգ տարի այդ մահմեդական ընտանիքը մեր հարեւանությամբ ապրեց Հալեպում: Մինչեւ այստեղ գալը նրանք ոչ մի հայի չէին հանդիպել իրենց կյանքում: Մենք շատ մտերմացանք, կապվեցինք եւ հինգ տարի ապրեցինք մի ընտանիքի պես: Հայրս մոտ վեց ամիս առաջ մահացավ, երբ հիվանդ էր, այդ ընտանիքի անդամները գիշեր-ցերեկ մեր կողքին էին, իրենք գնացին, մեր եկեղեցուն նվիրատվություն կատարեցին եւ աղոթեցին հորս առողջության համար: Երբ պատերազմը դադար առավ, Հանտարաթի բնակչությունը սկսեց կառուցել իրենց գյուղը, վերաշինել մզկիթը: Մեր ծանոթները վերադարձան գյուղ, կապի մեջ էինք, իմացա, որ մզկիթի ձայնային համակարգի համար հանգանակություն են կատարում գյուղում, մտածեցի, որ ինքս գնեմ եւ ուղարկեմ Հանտարաթ: Նրանք հուզվել էին, չէին հավատում, որ քրիստոնյան կարող է մզկիթում նման ներդրում անել: Բայց իմ խիղճը հանգիստ էր, իրենք էլ մեր դժվարին օրերին մեր կողքին էին: Թե՛ քրիստոնյաները, թե՛ մահմեդականները արարքս ճիշտ հասկացան»,-ասաց Եսայի Գոզյանը: Նա նաեւ նշեց, որ պատերազմից հետո մահմեդականներն ու քրիստոնյաները կրկին հաշտ ու համերաշխ ապրելու են կողք-կողքի: «Այդպես է եղել, տարիներ շարունակ, այդպես էլ կլինի: Իմ ամենամոտ ընկերներից մեկը Հալեպում մահմեդական է, մենք չենք քննարկում թե ինչ կրոնների ենք պատկանում, դա ամոթ է համարվում մեր ընկերության մեջ»,-ավելացրեց նա:
Հալեպից մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ Հալեպում կյանքը դժվարացել է, բայց մարդիկ նյութական դժվարությունների մասին այնքան շատ չեն մտածում, երբ ետ են նայում եւ տեսնում, թե ինչ սարսափներից են փրկվել:

Եսայի Գոզյանը՝ կնոջ եւ դստեր հետ
Գլխավոր լուսանկարում՝ Հանտարաթից փախստական ընտանիքը